Խաչատուր Սուքիասյանը շարունակում է թալանել մարդկանց․ «Իրավունք»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Fly-one Armenia» ավիաընկերությունը շարունակում է դատարկել ուղեւորների գրպանները: Պարզվում է` այս ավիաընկերությունից տոմս գնելը դեռ չի նշանակում, որ տեղ կգտնես ինքնաթիռում: Շատ քաղաքացիներ, անտեղյակ «Fly-one Armenia»-ի «բարքերից», գալիս են օդանավակայան եւ մեկնելու ժամանակ հանդիպում տհաճ «անակնկալի»:
Եթե չես իրականացրել մինչեւ թռիչքդ օնլայն գրանցում, ապա պետք է վճարես 12 հազար դրամ: Իսկ եթե, այդուհանդերձ, փորձում ես օնլայն գրանցում իրականացնել, ապա կրկին պատրաստ պետք է լինես դատարկել գրպաններդ ու զինվել համբերությամբ:
Բավական խրթին օնլայն գրանցման ժամանակ, ինչը, բնական է, ամեն քաղաքացի «գլուխ չի դնի», հայտնաբերում ես, որ քո ուզած տեղում նստելու համար աթոռը գումար արժե եւ ընդհանրապես` անվճար աթոռ չկա էլ, միայն թե գներն են տարբեր:
Ուզո՞ւմ ես բեռներդ հավելյալ երաշխիքներ ունենան, որ ապահով տեղ կհասնեն, կրկին պետք է վճարես: Իսկ չվճարելու, բայց օնլայն պատշաճ գրանցումն իրականացնելու դեպքում` հայտնաբերում ես, որ մեկ փաթեթով, օրինակ, երկու տոմս գնելու դեպքում` ինքնաթիռում մեկը կհայտնվի հյուսիսում, մյուսը` հարավում: Օրինակ, եթե որոշել եք մեղրամիս մեկնել «Flyone Armenia»-ով, ապա պատրաստ եղեք, որ ողջ ճանապարհը անցնելու եք, ասենք, մի սեւամորթի կողքին, իսկ Ձեր նորահարսը` եսիմ որտեղ պետք է նստի: Իրար կողքի նստելը եւս գումար արժե:
Բայց սրանով մղձավանջը` «Flyone Armenia»-ից օգտվելու, չի ավարտվում: Ուղեւորների համար անգամ ջուրն է վճարովի: Մինչդեռ, օրինակ, «Այրոֆլոտի» դեպքում` ուղեւորներին անվճար տալիս են ջուր, սուրճ, թեյ, հյութ, սնունդ, անգամ` գինի, իսկ երեխաներին` նվերներ:
Օտարերկրացիներն ուղղակի ապշած են «Flyone Armenia»-ի ճղճիմությունից, որ ջուրն էլ է ծախում իրենց վրա: Ընդ որում` բորդուղեկցորդն ու ուղեկցորդուհիներն էլ, եթե այլ ավիաընկերությունների դեպքում անում են ամեն ինչ, որպեսզի կոմֆորտ պայմաններում ուղևորներն իրականացնեն իրենց թռիչքը, ապա այս դեպքում` նրանք վերածվել են զուտ ապրանք ծախող առեւտրականների: Մնացյալը նրանց համար երկրորդական է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում