Մոսկվան մտադիր է մեծացնել ռուսական նավթի ռեվերսային մատակարարումներն Ադրբեջան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են նավթի և գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնումը ու վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը։ Նշվել է երկրների միջև առևտրաշրջանառության աճը։ 2022 թվականի վերջին փոխադարձ առևտրի ծավալն աճել է 25%-ով։ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 15,7%-ով։
«Ռուսական նավթագազային խոշորագույն կոնցեռններն աշխատում են Ադրբեջանի հետ և պատրաստ են ընդլայնել համագործակցությունը։ Մասնավորապես, մի շարք նոր նախաձեռնություններ կան ադրբեջանական հզորություններով ռուսական ածխաջրածինների տարանցման և վերամշակման համար։ Խնդիրը մեր ջանքերի համախմբումն է»,- նշել է Ալեքսանդր Նովակը։
Բանակցությունների օրակարգում է ռուսական նավթագազային ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանում արդյունահանման նոր նախագծերին, երկրում վառելիք վաճառելու՝ իրենց բիզնեսի ընդլայնումը, այդ թվում՝ Տիխորեցկ-Բաքու նավթամուղով ռուսական նավթի ռեվերս մատակարարումների ավելացման հարցերը։