Հյուսիս- Հարավը տնտեսական լուրջ խթան կարող է լինել մեր երկրի եւ տարածաշրջանի զարգացման համար. Սանոսյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքում գլոբալ առեւտրային խաչմերոկւի ակտուալությունը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է: Այս մասին հանրային հեռուտաընկերության եթերում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, տեղի ունեցող բախումները փոխում են աշխարհագրությունը, ենթակառուցվածքների բնույթը, ծանրաբեռնվածությունը, եւ նաեւ երկրների զարգացվածության տենդենցներն են փոխում դա: Հնդկաստան բավական արդյունավետ այց ունեցանք եւ հետեւյալ միտքը կա, որ գնալով աշխարհում ավելանում է Հնդկաստանի դերը, Հնդկաստանից դուրս եկող ապրանքների քանակն է ավելանում, ՀՀ- Հնդկաստան հարաբերություններն են շատ ակտիվ զարգանում, ինչը շատ լավ է: Եւ այո, Հնդկաստան, այնուհետեւ Իրան, Հայաստան եւ դեպի Սեւ ծով, Եվրոպա կամ Ռուսաստան, այս ուղին դառնում է ավելի պահանջված, քան նախկինում էր: Եւ այս ամենի մեջ միակ ափսոսանքս այն է, որ եթե ան ժամանակ մենք սկսել էինք Հյուսիս- Հարավը, կարողանայինք առանց խնդիրների կառուցել, հիմա ավարտած լինեինք, այդ դեպքում շատ ավելի վաղ կսկսեինք այդ ճանապարհի դրական կողմերից օգտվել, քան հիմա, երբ որ մեզ մի քանի տարի պահանջվում է մինչեւ ճանապարհը կառուցենք»,-ասաց նա:
Պետրոս Ղազարյանի հարցին, արդյոք այսօր կան այն ռիսկերը,որոնք կային նախկինում եւ որոնց պատճառով էլ հետաձգվեց այդ ճանապարհի կառուցում, Սանոսյանը պատասխանեց, որ ռիսկերը միշտ էլ ինելու են:
«Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ ցանկացած հատկապես նման կարեւոր ենթակառուցվածք երբ կառուցում ես, դա անպայման կօգտագործվի, այսինքն՝ կգտնի իր շահառուին: Դրա համար մեր նպատակն է համարել, որ սա ռազմավարական կարեւոր ճանապարհ է, տնտեսական լուրջ խթան կարող է լինել եւ մեր երկրի, եւ տարածաշրջանի զարգացման համար, փորձենք հնարավորինս արագ կառուցել եւ դառնալ կարեւոր ուղեւորափոխադրման կամ բեռնափոխադրման հոսքեր կլանող հատվածներից մեկը»,- ասաց նա: