Ասիական զարգացման բանկը 61 մլն եվրո վարկ կտա Հայաստանին՝ 46 դպրոցների կառուցման համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրին՝ 66,1 մլն եվրո արժողությամբ:
«Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիր»-ը իրականացվում է ՀՀ և ԱԶԲ միջև 2015թ․հոկտեմբերի 19-ին կնքված վարկային համաձայնագրի հիման վրա: Ծրագիրը սկսվել է 2016թ․ և նախատեսված է մինչև 2026թ․ մայիսի 30-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18,5 մլն դոլար:
Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում և 15 մասնագետների վերապատրաստում, շինարարության բնագավառում աշխատող 100 մասնագետի վերապատրաստում՝ սեյսմակայուն շինարարության բնագավառի վերաբերյալ և այլ գործառույթներ:
Ծրագրի շրջանակներում մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց։ Ներկայումս ընթանում են 19 դպրոցի շինարարական աշխատանքներ, ևս մեկ դպրոցի կառուցման նպատակով հայտարարված է մրցույթ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատանքերի իրականացման տարբեր փուլերում։
Համաձայն վարկային պայմանագրի՝ ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով։
Մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80%-ը։
Այս ծրագրի իրագործման վրա էապես ազդել է շինարարական նյութերի թանկացումը։ Մասնավորապես, եթե ծրագրի շրջանակներում մեկնարկած առաջին երեք դպրոցներում մեկ աշակերտի հաշվով ծախսը կազմում էր 2 053 000 դրամ, իսկ մեկ ք/մ-ի արժեքը 211 000 դրամ, ապա ներկայումս թանկացումներով պայմանավորված այդ գումարը կազմում է 4 482 000 դրամ մեկ աշակերտի հաշվով և 359 000 դրամ՝ մեկ ք/մ-ի հաշվով։
Հիմք ընդունելով վերոգրյալը` իրականացված վերլուծությունների արդյունքում ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,100,000 եվրոյի չափով։