Երևանի քաղաքապետարանում դժգոհություն է հասունանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանի քաղաքապետարանում առայժմ խուլ դժգոհություն է ձևավորվել պաշտոնների, ավելի ճիշտ լիազորությունների բաժանման հետ կապված։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրեր առաջ ստորագրել է իր 4 տեղակալներին բաշխվող ոլորտները, ընդ որում «ամենաթոթոլ և փողաբեր» ոլորտները թողել է իր մտերիմներին՝ քաղաքապետի տեղակալներ Լևոն Հովհաննիսյանին և Սուրեն Գրիգորյանին։
Լևոն Հովհաննիսյանն, օրինակ, վերահսկելու է քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, մշակույթի և տուրիզմի, զարգացման և ներդրումային ծրագրերի ու հանրակրթության վարչությունների աշխատանքները։
Սուրեն Գրիգորյանի պատասխանատվության ներքո է քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայութուններ արտաքին ձևավորման և գովազդի և տրանսպորտի վարչությունների աշխատանքները։
Քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին բաժին հասած ոլորտներն առնվազն առաջին տեղակալի կալիբրի չեն։ Աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի, զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության, անշարժ գույքի կառավարման վարչությունների աշխատանքներն են հանձնարարել նրան, ինչը, ըստ էության, լիազորությունների նվազեցում է։
Նույն վիճակում է նաև «Հանրապետություն» կուսակցությունից փոխքաղաքապետ դարձած Սարգիս Մադաթյանը, նրան էլ բաժին են հասել առողջապահության, երեխաների ու սոցիալական պաշտպանության, բնապահպանության վարչությունների աշխատանքները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երկու փոխքաղաքապետերը բավական ծանր են տարել այս բաժանումը՝ հասկանալով, որ Տիգրան Ավինյանն ամենևին չի ցանկանում նրանց հետ կիսվել իշխանությամբ, և իրենք փոխքաղաքապետի պաշտոնները զբաղեցնում են ֆորմալ առումով։ Այս թեման առաջիկայում նույնիսկ քննարկելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում։
Ի դեպ երեկ մամուլը հայտնեց, թե աշխատանքից հեռացնելու են շինարարության և բարկարգման վարչության պետ խորեն Գրիգորյանին՝ նշելով, որ նա անձնական լարված հարաբերություններ ունի իր ոլորտը ղեկավարող, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ։ Օրվա երկրորդ կեսին, ինքը՝ Խորեն Գրիգորյանը, չհերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ հակասություններ ունի Լևոն Հովհաննիսյանի հետ, միևնույն ժամանակ նշեց, որ շարունակելու է պաշտոնավարել և կմնա Տիգրան Ավինյանի կողքին այնքան, որքան հարկավոր է։
Գրետա Մարգարյան