«Պադավատապետությունը» քննադատող Փաշինյանը հիմա ինքն է մսխում պետության գումարները. մանրամասներ. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը սկսել է մի շարք, որում պարբերաբար անդրադառնում է պետական պաշտոնյաներին, երկրի առաջին դեմքերին սպասարկող մեքենաների ծախսած բենզինի եւ դրա հավելյալ պահանջված քանակին ու հիմնավորմանը:
Արդեն անդրադարձել ենք ԱԺ հանձնաժողովների նախագահներին եւ ԱԺ փոխնախագահներին սպասարկող մեքենաներին եւ դրանց հավելյալ տրամադրվող բենզինի քանակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ պարզելու, թե վերջին մեկ տարում որքան բենզին է ծախսել ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենան:
Հարցրել էինք՝ քանի մեքենա է սպասարկում Փաշինյանին, եւ, ըստ մեքենաների, խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե որքան դիզվառելիք է ծախսվել նրան սպասարկող բոլոր ավտոմեքենաների կողմից: Նաեւ խնդրել էինք հավելել՝ որքան բենզին է հավելյալ տրամադրվել վերը նշված բոլոր սպասարկող մեքենաներին եւ ինչ անհրաժեշտությամբ: Բավականին օպերատիվ կերպով վարչապետի աշխատակազմից մեր հարցումը վերահասցեագրեցին Պետական պահպանության ծառայություն:
Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթին ՊՊԾ պետի պարտականությունները կատարող Արթուր Գասպարյանի ստորագրությամբ ուղարկվեց փաստաթուղթ, որում, մասնավորապես, ասվում է. ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների եւ միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է՝ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Հայցվող տեղեկությունը, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, որի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման ձեւերի եւ մեթոդների, ինչպես նաեւ նրանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են, ուստի եւ, նույն օրենքի համաձայն, դասվում են պետական գաղտնիքի շարքին:
Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ»: Այս երկարաշունչ պատասխանը ենթադրում է մեկ բան՝ ՀՀ վարչապետին սպասարկող մեքենաների եւ դրանց վերաբերյալ տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չէ: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի մահաբեր կորտեժը ոչ միայն երեւանյան ու առհասարակ հայաստանյան երթեւեկությունն է կաթվածահար անում, այլեւ իր գոյությամբ արդեն համարվում է պետական գաղտնիք:
Իսկ մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանն ինքն էր քննադատում «պադավատապետությունը», պետության հաշվին ծախսված գումարների անարդյունավետությունը. հիմա նա անձամբ է վատ օրինակ ծառայում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում