Ռոսսելխոզնադզորը հայտարարել է Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների աճի մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2023 թվականին Ռոսսելխոզնադզորի տարածքային բաժինները հայտնաբերել են Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկային և միրգ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք, որոնք ստացվել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերով։ Բուսական արտադրանքներում հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտներ՝ արևելյան ցեց (Grapholita molesta (Busck), Pepino խճանկարային վիրուս, լոլիկի շագանակագույն մրգի վիրուս, արևմտյան ծաղկային թրիպս (Frankliniella occidentalis Pergand):
Բացի այդ, նոյեմբերին հայտնաբերվել է Հայաստանից ստացված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ թունաքիմիկատների մնացորդների առավելագույն թույլատրելի չափը գերազանցելու 5 դեպք, ինչը կարող է վկայել արտադրողների կողմից թունաքիմիկատների օգտագործման կանոնակարգի խախտման մասին։
Սա վկայում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և վտանգ է ներկայացնում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար։
Բոլոր խախտումների մասին Ռոսսելխոզնադզորը տեղյակ է պահել Հայաստանի իրավասու գործակալությանը, սակայն ծառայությունը դեռևս տեղեկություն չի ստացել կատարված ուսումնասիրությունների մասին։
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Ռոսսելխոզնադզորը պաշտոնական նամակ է հղել Հայաստանին՝ խնդրելով անհապաղ համապարփակ միջոցներ ձեռնարկել` կանխելու աղտոտված արտադրանքի առաքումները Ռուսաստան և տեղյակ պահելու ՌԴ գերատեսչությանը այս ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։
Միաժամանակ, սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և հաշվառման կանոնները չեն փոխվել»,- նշված է Ռոսսելխոզնադզորի հաղորդագրության մեջ։