Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները. գործող նախագահի շանսերը բարձր են գնահատվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի նախագահական ընտրություններում քվեարկության համար ընտրատեղամասեր են բացվել երկրի բոլոր նահանգներում՝ տեղական ժամանակով ժամը 09.00-ին (ՀՀ ժամանակով՝ 11:00-ին):
Ընտրությունները տեղի կունենան երեք օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին։ Ընտրատեղամասերը կփակվեն 21:00-ին (ՀՀ ժամանակով 23:00-ին):
Մոտ 67 միլիոն եգիպտացիներ քվեարկելու հնարավորություն ունեն։ Ընտրությունների ընթացքում ողջ հանրապետությունում կգործի 9376 ընտրատեղամաս։ Ընտրությունների ընթացքին հետևելու է 14 միջազգային կազմակերպություն, հաստատվել է 220 միջազգային դիտորդ։
Գործող նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին առաջին փուլում կմրցի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ (50 տեղ խորհրդարանում) Հազեմ Օմարի, լիբերալ Վաֆդ կուսակցության ղեկավար Աբդել Սանադ Յամամայի և Եգիպտոսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆարիդ Զահրանի հետ:
Օգոստոսին Եգիպտոսի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Մուսթաքբալ Վաթան» (Հայրենիքի ապագան), հայտարարել էր, որ կողմ է Էլ-Սիսիի նոր ժամկետի առաջադրմանը:
Սեպտեմբերի 25-ին Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովը հայտարարեց ընտրությունների օրը։
Հոկտեմբերի սկզբին երկրի ներկայիս ղեկավարը հայտարարեց, որ առաջադրվելու է երրորդ ժամկետի համար:
Ընտրություններին գրանցվելու համար փաստաթղթերի ներկայացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-14-ը։ Թեկնածուների վերջնական ցուցակը հաստատել է Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 9-ին, նույն օրը, երբ պաշտոնապես սկսվել է մեկամսյա նախընտրական քարոզարշավը։ Ուրբաթն ու շաբաթ օրը լռության օրեր էին, որոնց ընթացքում արգելվում էր ցանկացած նախընտրական քարոզչություն։
Եգիպտոսի նախագահական ընտրությունները երկրի սահմաններից դուրս տեղի են ունեցել դեկտեմբերի 1-3-ը։ Քվեարկությունը տեղի է ունեցել 121 երկրի 137 ընտրատեղամասերում։
Եգիպտոսի ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն դեկտեմբերի 18-ին։ Երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, տեղի կունենա 2024 թվականի հունվարին։
Ալ-Սիսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2014 թվականին ընտրություններում հաղթելուց հետո, որոնք տեղի են ունեցել Մուհամեդ Մուրսիի և իսլամիստ «Մուսուլման եղբայրների» իշխանությունից հեռացնելուց մեկ տարի անց։
2018 թվականին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով։ 2019 թվականի ապրիլին Եգիպտոսում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում ընդունվեցին ուղղումներ, որոնք Ալ-Սիսիին հնարավորություն տվեցին առաջադրվել նոր ժամկետի համար, իսկ նախագահական ժամկետը չորսից դարձավ վեց տարի։ Այսպիսով, եթե նա հաղթի ընթացիկ ընտրություններում, նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2030 թվականը։