ՀՀ քննչական կոմիտեն՝ Արսեն Թորոսյանի նախազգուշացումների մասին. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնք ապօրինաբար առկայծող փարոսիկներ են օգտագործում իրենց սպասարկող մեքենաների վրա: Ցանկում նշված էին ՀՀ դատախազ Աննա Վարդապետյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ինպես նաեւ ԱՄՆ, ՌԴ դեսպաններին սպասարկող մեքենաները: «Բոլոր պաշտոնյաների մեքենաները, որոնք կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներ են կրում մեքենաների վրա, երթեւեկության մեջ առավելություն է տալիս երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ… Ես հիմա հրապարակավ ասում եմ՝ եթե այս հարցը մեկ շաբաթից չլուծվի, իմ մեքենայի վրա էլ եմ «միգալկա» դնելու, ու թող փորձեն ինձ կանգնացնեն»,-ասել էր Թորոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ինչպես է վերաբերվում պատգամավորի հնչեցրած հայտարարություններին եւ ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել այս ուղղությամբ:
Ի պատասխան՝ մեզ տեղեկացրին. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահի անվտանգությունը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներով ուղեկցումն ապահովում է ՀՀ պետական պահպանության ծառայությունը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուղեկցումը՝ նաեւ ավտոմեքենաների՝ փարոսիկներով կահավորվածության առումով, իրականացվում է՝ սահմանված կարգին համապատասխան»: Հավելենք, որ Արսեն Թորոսյանը իրավապահ մարմինների ղեկավարների նկատմամբ ունի ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, քանի որ քննություն է գնում իր կողմից ենթադրյալ չարաշահումների գործով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: