Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը խարդախության գործով կալանավորվել է Հայաստանում. «Ռուսթավի 2»
ԻՐԱՎՈՒՆՔՎրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին, կալանավորվել է Հայաստանում՝ ներդրումային ոլորտում խարդախության համաշխարհային ցանցի՝ «զանգերի կենտրոնների» գործով, հայտնում է newsgeorgia.ge-ն՝ կառավարամետ «Ռուսթավի 2» հեռուստաալիքին հղումով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բենիմինին, որը և՛ Իսրայելի, և՛ Վրաստանի քաղաքացի է, կալանավորվել է Գերմանիայի դատախազության պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է Ալբանիայում վերը նշված ցանցի մասնաճյուղը։ Խաբեբաների զոհերը եղել են եվրոպական երկրների բնակիչներ, այդ թվում՝ թոշակառուներ, որոնք համաձայնել են գնել արժեթղթեր և ներդրումներ կատարել կրիպտոարժույթում։ Խմբի գործունեության ընդհանուր վնասը գնահատվում է մեկ միլիարդ դոլար։
«Ռուսթավի 2»-ը չի նշում իր աղբյուրները։ Բենիմինիի կալանավորման վերաբերյալ Վրաստանի կամ Գերմանիայի պաշտոնական գերատեսչություններից դեռևս մեկնաբանություններ չեն եղել։
Իսրայելում Բենիմինին 11,5 միլիոն դոլարի եկամուտ թաքցնելու գործով է անցնում։ Ենթադրվում է, որ այդ գումարը նա և իր բիզնես գործընկերները ստացել են «Պաշտպանիչ վահան» («Защитный щит») ընկերության միջոցով՝ 2007-2009 թվականներին Վրաստանի ռազմական հատվածին տրամադրված խորհրդատվությունների համար։
Ինչ վերաբերում է Դավիթ Կեզերաշվիլիին, ապա նա հետաքննության ընթացքում նշվել է որպես ցանցի կենտրոնական դեմք, թեև դրա վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվել։ Հեղինակները խոսել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի և խարդախության սխեմայի անմիջական մասնակից ընկերությունների ու գործարարների հնարավոր կապերի մասին։ Մասնավորապես, նշվել է, որ «Կեզերաշվիլին հաճախ է գովազդել կեղծ առևտրային հարթակներ սոցիալական մեդիայի իր անձնական հաշիվներում»։
Ինքը՝ Կեզերաշվիլին, հերքում է լրագրողների մեղադրանքները։ Նա խոստացել է օգտագործել «ամեն իրավական լծակ»՝ ապացուցելու իր անմեղությունը:
Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարն էր 2006-2008 թվականներին։ 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո նա թողել է պաշտոնը և սկսել մասնավոր բիզնես։ Լրատվամիջոցները նրա անունը կապել են, մասնավորապես, նավթի ու տրանսպորտային բիզնեսի հետ։
2012 թվականին «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո պաշտպանության նախարարության նախկին ղեկավարի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, նրան մեղադրել են կոռուպցիայի համար։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հրաժարվել են նրան արտահանձնել Վրաստանին։