Տոկիոյի օդանավակայանում մարդատար օդանավ է հրդեհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏոկիոյի Հանեդա օդանավակայանում թռիչքուղու վրա Japan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը բախվել է մեկ այլ օդանավի ու բռնկվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության հրամանատարության տվյալների համաձայն՝ ինքնաթիռը բախվել է իր DHC-8 ռազմատրանսպորտային ինքնաթիռին, որը պատրաստվում էր մեկնել նախօրեին տեղի ունեցած երկրաշարժերից տուժած շրջաններ՝ առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։ Երկրորդ օդանավը ևս հրդեհվել է։
Ճապոնիայի հանրային հեռուստատեսության հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ բռնկվել է ինքնաթիռի շարժիչներից մեկը։ Բացի այդ, լրջորեն վնասվել է նաև օդանավի թևերից մեկը։ Տեսագրությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։
Ավիաընկերության տվյալներով՝ Սապորո քաղաքից Տոկիո ժամանած ուղևորատար ինքնաթիռում եղել է 379 ուղևոր և անձնակազմի անդամները, որոնք բոլորը բարեհաջող տարհանվել են։ NHK-ի հաղորդմամվ՝ ռազմական ինքնաթիռում եղել է անձնակազմի վեց անդամ, որոնցից միայն մեկին է հաջողվել ինքնուրույն տարհանվել։ Մյուս հինգի ճակատագիրն առայժմ անհայտ է։
Միջադեպից հետո օդանավակայանի բոլոր թռիչքուղիները փակվել են։