Սև ծովի թուրքական նավահանգստում ձկնորսական ցանցի մեջ ական է հայտնվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍև ծովում թուրքական Էրեղլի նավահանգստի մոտ ականն ընկել է ձկնորսական ցանցի մեջ, և դեպքի վայր ժամանած սակրավորներն այն դուրս են բերել նավահանգստից՝ վնասազերծելու համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Habertürk հեռուստաալիքին։
Ձկնորսներն իրենց ցանցում կլոր առարկա են նկատել, և երբ այն ափ են հանել, հասկացել են, որ իրենց դիմաց ական է, ինչի մասին տեղեկացրել են առափնյա պահպանության ծառայությանը։ Ստամբուլից ժամանած սուզորդներն օգնել են ափ հանել ռումբը, որը կտեղափոխվի հատուկ վայր՝ ոչնչացման համար։
Ձկնորսներից ոչ ոք չի տուժել, իսկ նավահանգիստը որոշ ժամանակ անց վերաբացվել է։ Էրեղլին Թուրքիայի խոշորագույն ածխի փոխադրման նավահանգիստներից մեկն է, նահանգում գտնվում են զգալի թվով ածխահանքեր։