Ուկրաինայում դատավճռի հրապարակումից 50 տարի անց արդարացրել են Փարաջանովին
ԻՐԱՎՈՒՆՔՈւկրաինայում Ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը դատավճռի հրապարակումից 50 տարի անց արդարացրել է հայ խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որը ԽՍՀՄ-ում դատապարտվել էր սոդոմիայի մեղադրանքով։ Այս մասին գրում է svoboda.org-ը:
Այս մասին Փարաջանովի ծննդյան հարյուրամյակի օրը հայտնել է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտը։ Ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին։
Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի եզրակացություններում ասվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է, որ քրեական հետապնդման և դատապարտման քաղաքական դրդապատճառներ են եղել։
1974թ.-ին ռեժիսորը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի ճամբարում՝ սոդոմիայի և պոռնոգրաֆիայի տարածման քրեական մեղադրանքով: Փարաջանովը չի հերքել իր բիսեքսուալ լինելը, բայց չի ընդունել բռնաբարության դրվագը։ Փարաջանովի դատավարությունը սկսվել է հակասովետական քարոզչության համար մեղադրվող ուկրաինացի գրողներին աջակցելու նրա փորձերից հետո։ Իրավապաշտպանները ռեժիսորի գործը շինծու են անվանել: