Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որը հավանություն է տվել հանրությանը կուլտիվացված տավարի մսի վաճառքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱշխարհում առաջին անգամ Առողջապահության նախարարությունը թույլ է տվել խոշոր եղջերավոր կենդանիների բջիջներից միս աճեցնող իսրայելական Aleph Farms Ltd. ստարտափին իր մշակած միսը վաճառել հանրությանը:
Ինչպես նշում է timesofisrael.com-ը, խոսքը կուլտիվացված տավարի մսի վաճառքի մասին է:
Իսրայելի առողջապահության նախարարությունն ընդգծել է, որ ամբողջ աշխահում նկատվում է պրոտեինների աճող պահանջ, ինչպես նաև ավելի է կարևորվում ոչ կենդանական ծագման ապրանքների արտադրության անհրաժեշտությունը, ուստի պետք է հավանության տալ այլընտրանքային սննդի աղբյուրներին:
«Այս համատեքստում և որպես այլընտրանքային սպիտակուցի ուսումնասիրման պիլոտային ծրագրի մաս, Առողջապահության նախարարության սննդի ազգային ծառայությունը աշխարհում առաջին անգամ հավանություն է տվել «նոր պարենային» արտադրանքին, որը ներառում է խոշոր եղջերավոր կենդանու բջջի մշակում», - ասվում է հաղորդագրությունում:
Նախարարության խոսքով՝ այն լայն հանրությանը վաճառելու թույլտվությունը ստացվել է արտադրանքի առողջության և անվտանգության լայնածավալ ստուգումներից հետո:
Կենդանական բջիջները ստացվում են, օրինակ, բիոպսիայի միջոցով։ Այնուհետև դրանք տեղադրվում են կենսառեակտորում և սնուցվում սպիտակուցների, ամինաթթուների, հանքանյութերի, շաքարի, աղի և այլ սննդանյութերի խառնուրդով՝ դրանցից «աճեցնելով» միս։ Աշխարհում ավելի քան 100 ընկերություն զբաղվում է նման արտադրանքի մշակմամբ։ Ըստ Grand View Research-ի՝ այս շուկայի ծավալը 2022 թվականին կազմել է 247 միլիոն դոլար։ Ըստ McKinsey-ի կանխատեսումների՝ առաջիկա տարիներին յաս ցուցանիշը կարող է զգալի աճ գրանցել և հասնել 25 միլիարդ դոլարի, սակայն դրա համար ընկերությունները պետք է լուծեն մասշտաբայնացման հարցը՝ զանգվածային արտադրություն սկսելու համար անհրաժեշտ է կառուցել հսկայական կենսառեակտորներ մսի աճեցման համար։