2023-ին ՔԿ 13 քննիչ ազատվել է պաշտոնից
ԻՐԱՎՈՒՆՔ2023 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն, գործադրելով իր ներքին վերահսկողության գործիքակազմը, էական աշխատանքներ է կատարել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) կարգապահության ամրապնդման, կարգապահական խախտումների կանխարգելման, հայտնաբերման, խափանման և բացահայտման ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից․
«Մասնավորապես, այս ոլորտում կատարված աշխատանքների ամփոփման արդյունքների համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում, ինչպես ՀՀ քննչական կոմիտեի մարմիններից և ստորաբաժանումներից, ՀՀ դատախազությունից ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս, առերևույթ քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու և կարգապահական միջոց կիրառելու հարցը քննարկելու վերաբերյալ ընդհանուր 1196 միջնորդություն, որոնցով իրականացվել է 493 նախնական ուսումնասիրություն և 83 ստուգում։ Լուծվել է նախորդ տարվանից փոխանցված 72 նախնական ուսումնասիրության ընթացք:
Ընդհանուր առմամբ նշված միջնորդությունների հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից, ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 67 (2022թ.՝ 35) անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին 57 (2022թ.՝ 24) միջնորդություն:
Հարուցված այս 57 կարգապահական վարույթների արդյունքում՝ ՀՀ ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող 67 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից՝
3-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն»,
47-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն»,
1-ի նկատմամբ՝ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով»
3-ի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով»,
13-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում կարգապահական տույժի տեսակը:
Բացի այդ, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2.2 կետի կիրառմամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի հրամանով 48 դեպքով ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 92 անձի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժ:
ՀՀ ՔԿ նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովին ուղարկված 3 անձի վերաբերյալ 3 միջնորդության քննարկում տեղափոխվել է 2024 թվական։
Վերլուծությունը փաստում է, որ 2022թ․ համեմատ, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից առերևույթ քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու և կարգապահական միջոց կիրառելու հարցը քննարկելու վերաբերյալ ներկայացված գրեթե նույնաքանակ միջնորդությունների պայմաններում գրեթե կրկնակի ավելացել են ինչպես ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացված՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունները, այնպես էլ դրանց արդյունքում կարգապահական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը։
Հատկանշական է, որ ընդհանուր միջնորդությունների քանակը էականորեն չի ավելացել (ընդամենը 6%-ով) նախորդող տարվա համեմատ՝ այն պայմաններում, երբ քրեական վարույթների թիվը, քրեադատավարական նոր ընթացակարգերով պայմանավորված, գրեթե եռապատկվել է։ Այս միտումը քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումների, կարգապահական թերությունների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու, նման դեպքերին համաչափ արձագանքելու ՀՀ քննչական կոմիտեում որդեգրված քաղաքականության խստացման արդյունքն է, ինչի վկայությունն է կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցների քանակական աճը։
Այդ քաղաքականության նպատակն է խթանել նախաքննության որակի բարձրացումը, ինչպես նաև նախաքննության շրջանակներում դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության համար ապահովել ավելի բարձր երաշխիքներ։
Նշված մոտեցումը կրելու է շարունակական բնույթ»։