Ավագանու ընտրություններին որ քաղաքական ուժն ավելի շատ ձայն կհավաքի. վերլուծում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են ընդամենը երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, Երկիր ծիրանին ու Ելք-ը: Ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ի դերակատարության ու քաղաքական ուժերի որոշման շուրջ Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
Ինչպես իր խոսքում նշեց քաղաքագետը, գալիք ընտրություններում քաղաքական ուժերի պասիվ դերակատարոթյունն ունի տարբեր պատճառներ: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին, ապա. «ՀՀԿ-ն նույն տակտիկան է վարում, ինչ 2012 թվականի նախագահական ընտրություններին, երբ նրանք ամեն գնով ազատեցին քաղաքական դաշտը, որպեսզի իրենց լիդերը հաղթի:
Ինչպես տեսանք, այդ ժամանակ նրանք բախվեցին լուրջ խնդրի հետ. հասարակությունը, ընդդիմադիր դաշտում չունենալով համարժեք թեկնածուներ, իր ձայնը տվեց հիմնականում Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց քաղաքագետը ընդգծելով, որ այս ընտրություններում եւս կառավարող քաղաքական ուժը կանգնելու է նույն խնդրի առաջ. «Չունենալով այընտրանքային թեկնածուներ, թեկուզ վերցնենք ԲՀԿ-ին, մարդիկ գնալու ու ընտրելու են ներկայացված մյուս ուժին»:
Ըստ քաղաքագետի՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության՝ ավագանու ընտրություններին չմասնակցելը կհանգեցնի նրան, որ էլեկտորատն իր ձայնը կտա ԵԼՔ-ին ու Երկիր ծիրանիին. «Իմ կարծիքով, կլինի այն, ինչ եղավ նախագահական ընտրությունների ժամանակ: Ելքն այս ընտրությունների առաջատար դիրքերով է հանդես գալիս, որովհետեւ բավական ակտիվ է եղել ԱԺ ընտրությունների ժամանակ: Երկիր ծիրանին՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի, իր կողմը կքաշի ծայրահեղ ընդդիմադիր ընտրազանգվածին, իսկ այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են «միեւնույն է, թե ով կհաղթի, կարեւորը չհաղթի ՀՀԿ-ն» կարգախոսով, իրենց ձայները կբաշխեն Ելք-ի ու Երկիր ծիրանիի միջև, քանի որ այլընտրանքային ընդդիմադիր թեկնածուներ չկան» ,- նշեց քաղաքագետը:
Սոսե Չանդոյան