Պատրաստ ենք պայմաններ ստեղծել Ղարաբաղ վերադառնալ ցանկացող հայերի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հայերի վերադարձին՝ ապահովելով նրանց նրանց իրավունքները և անվտանգությունը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ղարաբաղի հայության մեծ մասը, ցավոք, հեռացավ տարածաշրջանից: Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր: Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել վերադառնալ ցանկացողների համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այդ գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- նշել է Գալուզինը։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայությանը Ղարաբաղում՝ ՌԴ փոխարտգործնախարարը հավելեց, որ, հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը, խաղաղապահների՝ տարածաշրջանում մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։
«Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի լիազորությունների ընդլայնմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց շարունակական ներկայության անհրաժեշտություններից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- հավելել է նա։