Արաբկիրի ռեստորաններից մեկում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ մասնակիցներից մեկը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հունվարի 24-ի երեկոյան ահազանգ էր ստացվել: Զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ մոտեցել է Հրաչյա Քոչար փողոցի հասցեներից մեկը և նկատել, որ պատվիրատուն մարմնական վնասվածք ունի, արնահոսում է։
Չուշացավ նաև հիվանդանոցից ահազանգը։ Շտապօգնության խումբը գանգուղեղային վնասվածքով և կտրած-ծակած վերքերով «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել մի տղամարդու։
Տուժածը հիվանդանոցում ներկայացել էր ուրիշ անուն ազգանունով։ Սակայն իրավապահների հմուտ աշխատանքի շնորհիվ երիտասարդի ինքնությունը պարզվեց։
Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համադրելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ պարզեցին, որ տուժողը դեռևս ինքնությունը չպարզված մի քաղաքացու հետ գնացել էր Արաբկիր վարչական շրջանի ռեստորաններից մեկը՝ 42-ամյա տղամարդու հետ պարզաբանումների։ Նա էլ համաձայնության չգալով՝ տուժողի և նրա հետ եկած ընկերոջ հետ դուրս է գալիս առանձնասենյակից, զանգահարում ազգականներին ու ընկերներին, որպեսզի գան հաշվեհարդար տեսնելու։ Ժամը 18.45-ին նրանք եկել են ռեստորան, որտեղ վիճաբանություն է սկսվել։
Տղամարդիկ դուրս են եկել ռեստորանի բակ, որտեղ 42-ամյա տղամարդն ու ընկերները կռփազենքով և ոտքերով հարվածներ են հասցրել տուժողին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ 26-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրան։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է 42-ամյա տղամարդու ընկերների և ազգականների ինքնությունը։
Վեճի մասնակիցներից 32-ամյա երիտասարդը Արարատի մարզի Այնթապ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ փետրվարի 10-ին դանակահարողը և վեճի 26-ամյա մի մասնակից ինքնակամ ներկայացել են բաժին, ապա ձերբակալվել և տեղափոխվել են քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են: