Էրեբունիում ապօրինի արդյունահանվել է բազալտ՝ պետությանը պատճառելով 79 մլն դրամի վնաս
ԻՐԱՎՈՒՆՔ2019 թվականի հոկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ՍՊ ընկերությանը հատկացված՝ Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցին կից գտնվող տարածքում:
Իրականացված ստուգումներով տեսչական մարմնի աշխատակիցները կազմել և Պետական եկամուտների կոմիտե են ներկայացրել մասնագիտական եզրակացություն՝ ՍՊ ընկերության կողմից 40972.5 խմ բազալտի օգտակար հանածո տեղահանված լինելու վերաբերյալ:
Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձն ու Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումը թաքցնելու նպատակով կազմել են կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:
Մասնավորապես՝ 2020 թվականի մարտի 14-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անունից կազմել, ստորագրվել և ՊԵԿ նախագահին է հասցեագրվել գրություն, որում ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արտահանված 40972․5 խմ բազալտի օգտակար հանածոն կարող էր բնական տեկտոնական պրոցեսների հետևանքով առաջացած փլուզումների պատճառով թափված լիներ տարածք:
ՊԵԿ նախագահի գրավոր հարցադրումներին ի պատասխան՝ բնապահպանական վերահսկողության բացակայության պայմաններում, 2020 թվականի մարտի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անունից կազմվել և ՊԵԿ նախագահին է հասցեագրվել գրություն, որում կրկին ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում ընդերքօգտագործում իրականացնելու փաստ չի արձանագրվել և խախտում առկա չէ:
Վերոնշյալ գրության հիման վրա՝ ՍՊ ընկերությունում իրականացված ստուգմամբ ՊԵԿ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել, կազմվել է զրոյական ակտ, ինչի հիման վրա ՍՊ ընկերության կողմից «Ընդերքի մասին» օրենքով նախատեսված իրավախախտման համար պատասխանատվության միջոց չի կիրառվել, արդյունահանված օգտակար հանածոների համար բնօգտագործման համարժեք վճարներ չեն հաշվարկվել: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 79 մլն 891 հազար 700 դրամի գույքային վնաս։
Դատախազը 2024 թվականի փետրվարի 13-ին վերոնշյալ երկու անձանց նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությանը և վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:
Դատախազությունը կներկայացնի քաղաքացիական հայց՝ պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով: