Պետություններին հորդորում ենք չհետապնդել բնապահպաններին իրենց պայքարի և քաղաքացիական անհնազանդության համար․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի՝ բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորստը պետություններին հորդորում է չհետապնդել բնապահպաններին իրենց պայքարի և քաղաքացիական անհնազանդության համար, այլ ուշադրության դարձնել նրանց բարձրացրած հրատապ հարցերին և լուծել դրանք։
Նրա խոսքից մեջբերում է արել The Guardian-ը․
«Եվրոպական երկրները պետք է վերջ տան խաղաղ ցույցերի ճնշումներին և քրեականացմանը և շտապ քայլեր ձեռնարկեն՝ նվազեցնելու արտանետումները՝ համաձայն կլիմայի Փարիզի համաձայնագրի։ Բռնաճնշումները, որոնց բախվում են խաղաղ բնապահպան ակտիվիստները, մեծ սպառնալիք է ժողովրդավարության և մարդու իրավունքների համար»:
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնությունն այս առումով հիշեցնում է, որ Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով քաղաքացիական անհնազանդությունը մտցրել է ֆորս-մաժորային հանգամանքների շարքում, որոնց դեպքում հանքարդյունաբերական ընկերությունները կարող են երկարաձգել արդյունահանման համար տրված ժամկետները և չեն կրի երկարատև անգործության հետևանքները, այսինքն՝ չեն զրկվի ստացված լիցենզիաներից։
Օրենքի փոփոխությունները հետադարձ ուժով կիրառություն են ստացել, ինչը լայն հանրությունը գնահատաել է հակասահմանադրական։
«Հիշեցնում ենք, որ Հատուկ զեկուցողը նաև հետևում է Հայաստանում բնապահպաններին զրպարտության դատերի միջոցով հետապնդումներին, գրասենյակի կայքում Հայաստանի իշխանություններին հղված մտահոգություններն են և արտգործնախարարության ոչինչ չասող արձագանքը դրանց»,-ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ։