«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները ԱՀ խորհրդարանականներին հարցնում են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին:
Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ օրս հարցաքննվել են Արցախի իշխանական թեւի պատգամավորները՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի «Ազատ հայրենիք – ՔԴՄ» խմբակցության պատգամավորները:
Մեզ հետ զրույցում «Ազատ հայրեքնի – ՔԴՄ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը նշեց, որ ինքը չի կանչվել ու թիմակիցների մասով էլ նման տեղեկություն չունի։
«Միգուցե կանչվել են, ես տեղյակ չեմ, բայց ինձ չեն կանչել հարցաքննության», – ասաց պատգամավորը:
Հավելենք, որ քննիչները հիմնականում պատգամավորներից հետաքրքրվում են, թե ով է ճնշել Արայիկ Հարությունյանին, որ հրաժարական տա, ինչ է տեղի ունեցել կուլիսներում:
Թերեւս կա քաղաքական հրահանգ Արցախի իշխանությունների վրա Հայաստանից գործադրված ճնշումների մասին ցուցմունքներ ստանալ Արցախի օրենսդիրներից, որպեսզի նախկին նախագահներին նոր մեղադրանքի առիթներ լինեն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: