Երևանի քաղաքապետերը. ով որտեղից է. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին, երբ բավականին արդիական թեմա է դարձել հարցը, թե Երևանի քաղաքապետերից ովքեր են երևանցիներ եղել, մի տեսակ հիշեցնում է հայաստանցի–ղարաբաղցի արհեստածին հակամարտության անորակ կրկնությունը:
Հարց է ծագում, թե նման տխուր PR քայլն ով էր հորինել, բայց, որ այն հակառակ ռեակցիա կունենա՝ միանշանակ է: Սոցիալական ցանցերը ողողված են այս հարցերի շուրջ մեկնաբանություններով, սակայն կողմնակից լինելով միայն փաստերով խոսելուն, փորձենք ներկայացնել, թե անկախությունից ի վեր Երևանի քաղաքապետերից ով որտեղից է ծնունդով և քանի տարի է Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել:
Եվ այսպես՝ Հայաստանի անկախության անցումային շրջանում՝ 1989–1990 թվականներին մայրաքաղաքի ղեկավարը եղել է Արտաշես Գեղամյանը: Նա ծնվել է Երևանում, ավարտել է Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը, որից հետո՝ Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը:
Հաջորդը Համբարձում Գալստյանն էր, ով նույնպես ծնվել և մեծացել էր Երևանում: Մասնագիտությամբ պատմաբան–ազգագրագետը մինչ քաղաքապետ դառնալը աշխատել է որպես ավագ գիտաշխատող: Քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է երկու տարի՝ 1990–1992 թվականներին:
Նրանից հետո մայրաքաղաքի ղեկը վստահվել է Վահագն Խաչատրյանին, ով ծնունդով Սիսիան քաղաքից է: Ավարտելով Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1992–ին նա ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ և մայրաքաղաքը ղեկավարել է մինչև 1996–ի փետրվար ամիսը:
Վ. Խաչատրյանին հաջորդել է Աշոտ Միրզոյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով Երևանի քաղաքապետ է նշանակվել 1996–ի փետրվարին: Նա այդ պաշտոնում աշխատել է մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսը: Նրա կենսագրությունում գրված է, որ նա ծնվել է Երևանում:
Ա. Միրզոյանին հաջորդել է Տավուշի մարզի Կոթի գյուղում ծնված Վանո Սիրադեղյանը: Նա Երևանը ղեկավարել է մոտ մեկ ու կես տարի՝ 1996 թ.–ի նոյեմբերից մինչև 1998 թ.–ի փետրվարը:
Վ. Սիրադեղյանից հետո Երևանի քաղաքապետի պաշտոնը մոտ մեկ տարով ստանձնել է Սուրեն Աբրահամյանը: Նրա կենսագրությունում նույնպես նշված է, որ ծնվել է Երևանում:
Ս. Աբրահամյանից հետո Երևանի ղեկը վստահվել է Ալբերտ Բազեյանին: Նա ծնունդով Գավառի Լանջաղբյուր գյուղից է: Երևանի հոգսերով հասցրել է «ապրել» 1999 թ.–ի օգոստոսից մինչև 2001–ի հունվարը:
Լանջաղբյուրցի Ա. Բազեյանին փոխարինել է Երևանում ծնված Ռոբերտ Նազարյանը:
Նազարյանի գերդաստանը Նոյեմբերյանի ամենափոքր գյուղից է` Դովեղից: Նա մայրաքաղաքի ղեկին եղել է երկու տարի ու կես՝ 2001 թ.–ի հունվարից մինչև 2003–ի հուլիս ամիսը:
Նազարյանին հաջորդել է Ադրբեջանական ԽՍՀ–ի Շամխորի շրջանի Սալեր գյուղում ծնված Երվանդ Զախարյանը: Եվ ներկայացված քաղաքապետների ցանկում ամենաերկարը՝ 2003–ից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքապետի պաշտոնում:
2009 թ.–ին ՀՀ նախագահի հրամանագրով Ե. Զախարյանին փոխարինել է Գագիկ Բեգլարյանը: Նա նույնպես ծնվել և մեծացել է Երևանում:
Այսինքն, նա Երևանի առաջին ընտրված քաղաքապետն էր, բայց մեկ տարի անց՝ 2010–ի դեկտեմբերին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին:
Քաղաքապետ է եղել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ծնունդով Ղարաբաղից է: Գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ–ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010–ի դեկտեմբերից մինչև 2011–ի նոյեմբերը:
Ի դեպ, 2011–ից ի վեր, այսինքն 8 տարի է, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Տարոն Մարգարյանը: Նա արդեն երկու անգամ՝ 2011–ին և 2013–ին ընտրվել և վերընտրվել է այդ պաշտոնում: Նա նույնպես ծնվել և մեծացել է Երևանում:
Ստացվում է, որ նշված 12 քաղաքապետերից 5–ը միանշանակ երևանցի չեն: Այնպես, որ ամենևին էլ կապ չունի, թե քաղաքապետի թեկնածուն որտեղ է ծնվել: Կարևորն այն է, թե նա մայրաքաղաքի զարգացման ինչպիսի ծրագիր է ներկայացնելու երևանցիներին և ի վիճակի՞ է, արդյոք, այն կյանքի կոչել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: