ՀՀ կառավարությունը 279 մլն 954 հզ․ դրամ է հատկացրել ՈւԵՖԱ-ի ֆուտզալի ՉԼ–ի եզրափակիչ մրցաշարի անցկացման համար
ՍՊՈՐՏՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությանը։ Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) ներկայացուցիչ Լանս Քելլին, ՀՖՖ գործկոմի անդամներ, ՈՒԵՖԱ-ի այլ ներկայացուցիչներ։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը մեծամասշտաբ մարզական միջոցառում է, որի հյուրընկալելը ևս մեկ անգամ հանրահռչակում է մեր երկիրը:
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի հավաքականը շատ հաջող է հանդես գալիս և տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների վարկանիշային ցանկում։ Ըստ նրա՝ ֆուտզալը մեծ մասսայականություն վայելող մարզաձև է և ունի երկրպագուների մեծ բանակ։
ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Լանս Քելլին փոխանցել է կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինի շնորհակալական խոսքը՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամության համար: Լանս Քելլին ընդգծել է, որ Հայաստանում ֆուտզալի զարգացման մեծ հեռանկարներ և ներուժ կա։
Ակնկալվում է մեծ թվով երկրպագուների ժամանում Հայաստան: Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներդնում են բոլոր ջանքերը՝ մրցաշարը լավագույնս անցկացնելու համար։ ՀՀ կառավարությունը 279 մլն 954 հազար դրամ է հատկացրել Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Այդ գումարով նախատեսվում է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան բարձրակարգ ցուցատախտակ, որից հետագայում կկարողանան օգտվել մեր բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները՝ միջազգային մրցաշար անցկացնելու ժամանակ։
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են կիսաեզրափակչի հետևյալ զույգերը՝ «Պալմա Ֆուտզալ»–«Բենֆիկա», «Բարսելոնա»-«Սպորտինգ»: Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան մայիսի 3-ին մարզահամերգային համալիրում։ Ժամը 18։00-ին կկայանա «Պալմա Ֆուտզալ» – «Բենֆիկա», իսկ ժամը 21։00-ին՝ «Բարսա» - «Սպորտինգ» հանդիպումը։ Երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին։ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի տոմսերի վաճառքը ՀՖՖ պաշտոնական կայքում կմեկնարկի մարտի 25-ից։