Փաշինյանի մանկական երազանքը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը բավական ոգևորված ու մանկական հրճվանքով է խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների և հատկապես հայ-թուրքական սահմանի բացման մասին, ավելին, նա տեղում ցատկոտում է, երբ խոսակցությունը հասնում է այս թեմային։ Տարբեր առիթներով մամուլում լուրեր են շրջանառվել, որ Մարգարայում մաքսակետի բացման բոլոր նախադրյալները պատրաստ են, անգամ վարչության կազմն է արդեն հեռակա կարգով նշանակված, բայց պետք է արձանագրել, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, ինչպիսի արագության տենչում է Փաշինյանը։
Թերևս, հայ-թուրքական սահմանը բացելու Փաշինյանի միտումն ակնառու է. եթե այդ սահմանը բաց է, այն հսկող ռուս սահմանապահների կարիքը վերանում է: Բայց այստեղ երեք խնդիր կա: Նախ՝ ռուսական կողմի ներկայությունից ազատվելու միտումը բխում է Փաշինյանի՝ դեպի Արևմուտք հառած հայացքից: Ու պետք է հաշվի առնել, որ Փաշինյանի արևմտյան գործընկերները անկեղծ լինելու պարագայում կարող էին հենց իրենք սահմանը բացելու հարցը դնել Թուրքիայի առաջ: Նրանք Էրդողանին ճնշելու առավել լայն գործիքներ ունեն, քան Նիկոլը: Եթե դա չեն անում և մինչ այս պահը դրա մասին հայտարարություն չի եղել, ապա Փաշինյանի համար առնվազն պետք է հարցեր առաջանան:
Մյուս տարբերակը, որը ոչ պակաս կարևոր է, այն է, որ անգամ սահմանը բացելուց հետո թուրքական կողմը կարող է ցանկացած պահի գտնել պատրվակ ու նորից փակել այն: Սահմանը իրապես բացելու և կոտրած տաշտակի առաջ նորից չհայտնվելու միակ ճանապարհը ցեղասպանի խոստովանությունն ու զղջումն է: Եվ, վերջապես, ոչ պակաս հավանական սցենար է այն, որ, հաշվի առնելով հայ-թուրքական սահմանային շրջաններում Արևմտյան Հայաստանի տարածքում քրդական գործոնը` հայ-թուրքական բաց սահմանը կարող է լինել առավել վտանգավոր, և այդ վտանգը հնարավոր չի լինի վերահսկել ու կառավարել ՀՀ ուժերով: Ասված թեզի փայլուն օրինակ կարող են հանդիսանալ Սիրիան ու Իրաքը, հետևաբար «հանուն ինքնիշխանության ռուսներից ազատվելու» թեզը ևս մեկ փաստարկով կորցնում է ուժը:
Ինչպես Նիկոլի բոլոր գործողությունների հիմքում և դեպքում է լինում, փորձելով «լուծել» մի «խնդիրը», Փաշինյանն ավելացնում է տասը նորը: Փորձելով մանևրել դեպի Արևմուտք՝ Փաշինյանը ոչ միայն ներքաշվում է ՌԴ հետ առճակատման մեջ, այլև Արևելքի հետ ամենասուր բախման, Թուրքիայի համար ամենազգայուն ու ամենավճռորոշ հարցի մեջ:
Ըստ էության, 2022-ի հոկտեմբերին Պրահայում Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումից մինչև 2023-ի հոկտեմբեր և Գրանադա՝ առանց Ալիևի Փաշինյան-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպում, Ալիևի ձեռքբերումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, թե Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասն է: Փաշինյանը մինչև վերջերս քննադատողներին լռեցնել էր փորձում աղաղակելով, թե Արցախը զիջելով ստացել է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում Ալիևի կողմից՝ կադաստրի թղթից մինչև լեգիտիմ սահմաններ հայտնի եզրերով, բայց պարզագույն իրականությունն այն է, որ Փաշինյանը ստում էր: Իրականությունն այն է, որ Միրզոյան Արարատն իր վերջին հայտարարությունով, թե «ՀՀ-ն պատրաստ է սահմանը բացել, թեկուզ հենց վաղը», հերթական անգամ խոստովանում և արձանագրում է, որ Փաշինյանը, զիջելով ամենակարևորը՝ անզիջելին, Ալիևից ստացել է ոչինչ, որ Ալիևը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում անգամ Արցախից հետո:
Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ տեղի ուենցող աշխարհաքաղաքական գրանդիոզ այս փոթորկի մեջ` Փաշինյանը, անվերջ ձախողումները արձանագրելուց հետո, գործնական պատասխանատվություն ստանձնելու փոխարեն շարունակում է ավելի լայն բացել պանդորայի արկղը, և հիմա փուլ առ փուլ այդ արկղից դուրս են գալիս նոր վտանգներ: Այս իրավիճակում գլխավոր հաղթաթուղթը կորցրած ու թուրքական ճանկերում հայտնված Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է, և ողբերգականն այն է, որ այդ օղակը նաև Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շուրջ է:
Արմեն Հովասափյան