Այս պահին չկա որակապես այնպիսի ֆուտբոլիստ, որ կուժեղացնի մեր հավաքականը․ Պետրակով
ՍՊՈՐՏԵս վաղը սպասում եմ շատ բարդ հանդիպում: Մեկնարկային սուլոցից հետո, առաջիկա տասը վայրկյանում կհասկանամ, թե ինչպես է պատրաստվում խաղալ Կոսովոյի հավաքականը: Ցանկալի կլինի վաղը հասնել դրական արդյունքի:
Այս մասին լրագրողների հետ նախախաղային ասուլիսում նշեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:
«Ինչ վերաբերում է ընկերական խաղերում Կոսովոյի եւ Չեխիայի ընտրությանը, առանձնապես այլ ընտրություն չունեինք: Մի քանիսից ես եմ հրաժարվել: Թոփ երկրների հավաքականներն առանձնակի ցանկություն չեն հայտնել խաղալ Հայաստանի հավաքականի հետ:
Ես ասել եմ, որ այս պահին չկա որակապես այնպիսի ֆուտբոլիստ, որ կուժեղացնի մեր հավաքականը: Ազգային հավաքականն այն հարթակը չէ, որտեղ հնարավոր է փորձարկումներ իրականացնել:
Էդգար Փիլոյանը կարմիր քարտ ունի 21 տարեկանների հավաքականում եւ առաջիկա խաղին չի կարող մասնակցել, այդ պատճառով նրան վերցրել եմ հավաքական, որպեսզի մարզվի մեզ հետ:
Տիգրան Բարսեղյանի եւ Խորեն Բայրամյանի հավաքական հրավիրելու մասով, եթե հնարավոր է, դիմացեք մինչեւ նոյեմբեր, երբ կավարտվի պայմանագիրս»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը:
Հայաստան - Կոսովո հանդիպումը տեղի կունենա մարտի 22-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։