Մոսկվայի ահաբեկչությունը աշխարհաքաղաքական հետևանքներ է ունենալու
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄոսկվայում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությունը ունենալու է նաև աշխարհաքաղաքական լրջագույն հետևանքներ։ Հիշեցնենք՝ «Կրոկուս Սիթի Հոլ» կենտրոնում զինված անձինք իսկական սպանդ էին կազմակերպել համերգից առաջ։
Վեց տասնյակից ավելի մարդ սպանվել է, հարյուրավորները՝ վիրավորվել։ Ամերիկյան հատուկ ծառայությունները, տակավին օրեր առաջ նախազգուշացում էին տարածել իրենց քաղաքացիների համար, նշելով, որ Ռուսաստանում ահաբեկչական վտանգը չափազանց մեծ է, ԱՄՆ քաղաքացիներին հորդորել էին հեռում մնալ զանգվածային միջոցառումներից, տեղեկությունը տարածել էր նաև Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։
Այժմ էլ ԱՄՆ հատուկ ծառայությունները նշում են, թե ահաբեկչության մասին տեղեկացրել են Ռուսաստանին։ Թեև առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել (չհաշված տարածվող և հերքվող տեղեկությունները), բայց արևմտյան հատուկ ծառայությունների տեղեկություններով, ահաբեկչությունն իրականացրել է «Իսլամական պետություն խորասան» ահաբեկչական կազմակերպությունը։
Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ նիստ է պահանջել։ Մոսկվան չափազանց կոշտ է արձագանքելու այս ահաբեկչությանը, հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրությունից հետո նման արյունոտ «բաղնիք» կազմակերպելը, բացի հումանիտար ճգնաժամից, նաև լուրջ ռեպուտացիոն հարված է հասցրել Ռուսաստանի իշխանություններին, ուստի և ՌԴ–ն պարտավորված է կոշտ արձագանքել և ոչնչացնել ահաբեկիչներին, ընդ որում՝ նաև իր սահմանից դուրս։
Արփինե Մանուկյան