Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎատիկանը սկսել է հրապարակել հնագույն արխիվներում պահված գաղտնի փաստաթղթերը: Դրանք հիմնականում 400 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի վերաբերյալ են`սկսած 1621 թվականից:
Ամենահինը 8-րդ դարից է, հաղորդում է HaberTurk-ը:
100 գաղտնի փաստաթղթերի ցուցահանդեսը, որոնցում ներառված են նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր, կազմակերպված է Կապիտոլիայի թանգարանում և կտևի մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը:
Ինչպես հայտնել է Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերժիո Պագանոն, փաստաթղթերը հսկայական տեղեկատվություն են պարունակում հայերի մասին: Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը,Պագանոն նշել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրք զինվորականների կողմից հայերին ենթարկած դաժան տանջանքների մասին:
Հիշեցնենք, որ 2011 թ. ամռանը Պագանոն հայտնել էր, որ փաստաթղթերը կներկայացվեն Հռոմում կազմակերպվող Վատիկանի Lux in Arcane արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսին 2012թ. փետրվարին: Արխիվարիուսը հայտնել էր, որ 1896 թ. Հռոմի Պապ Լևոն XIII -ը հորդորել էր սուլթան Աբդուլ Համիդին կարեկցություն ցուցաբերել և դադարեցնել հայերի ցեղասպանությունը: Պագանոն նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին մոտ 100 փաստաթուղթ, այդ թվում Վատիկանի գաղտնի արխիվներից գրավոր տեղեկություններ թուրք զինվորների գործողությունների վերաբերյալ, կհրատարակվի առանձին գրքով:
Նա ներկայացրել է հատվածներ այդ գրքից. թուրք զինվոր Մուստաֆա Սուլեյմանի վկայությունը."Մենք մտնում էինք հայկական գյուղեր և սպանում բոլորին, առանց հաշվի առնելու սեռն ու տարիքը: Մեզնից հետո գյուղ մտած քրդերը թալանում էին հայերի տները: Բազմաթիվ տարեց հայեր, հաշմանդամներ թաքնվել էին քաղաքի կենտրոնի դպրոցում, բայց մենք հրաման ունեինք սպանել բոլորին:
Գելիեգուզան ավանում սպանվեցին կամ այրվեցին 800 հայեր, Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը, քիթը և ականջները կտրեցին: Ես չեմ սպանել ոչ մի երեխա, նույնիսկ երկուսին փրկել եմ :
Նրանց երեք օր թաքցրել էի իմ վրանում, բայց մի օր մտա ու տեսա, որ նրանց մարմինները մասնատված են..." Եպիսկոպոս Պագանոն նաև հայտնել է, որ Վատիկանը կհրապարակի նաև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երիտթուրքերի կառավարման ընթացքում, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվները: "Այդ փաստաթղթերը առաջացնում են անասելի ցավ ու սարսափ: Հաղորդումները թուրքերի դաժանությունների մասին հայերի նկատմամբ ինձ ստիպեցին ամաչել, որ ես մարդ եմ", - ասել է եպիսկոպոսը:
Տեգեր: արխիվային փաստաթղթեր, խմբագրի ընտրանի, Սերժիո Պագանո, Մուստաֆա Սուլեյման, Օսմանյան կայսրություն, Թուրքիա, Վատիկան, Գելիեգուզան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից