Կիմ Չեն Ընը ցավակցել է Պուտինին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Օրենբուրգի մարզում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
«Ապրիլի 8-ին Կիմ Չեն Ընը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ընկեր Կիմ Չեն Ընը կառավարության, ԿԺԴՀ-ի ժողովրդի և իր անունից խորը կարեկցանք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահին և ի դեմս նրա՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ու ժողովրդին, որը տուժել է Օրենբուրգի մարզում ջրհեղեղից լուրջ նյութական վնասի պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԿԺԴՀ ղեկավարն իր ուղերձում Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին մաղթել է «բնական աղետի հետևանքների շուտափույթ վերացում», իսկ տուժած շրջանների բնակիչներին՝ բարօրություն։
Կիմ Չեն Ընը նշել է, որ ԿԺԴՀ-ի ժողովուրդը «միշտ միասին կլինի ռուս ժողովրդի հետ»։
Նշենք, որ Օրսկում, որտեղ մի քանի օր է՝ սաստիկ ջրհեղեղ է, նոր տարհանում է սկսվել. ափերից դուրս է եկել ևս մի գետ:
«Բացի Ուրալ գետից, ափերից դուրս է եկել նաև Էլշանկան»,- ասել է քաղաքապետ Վասիլի Կոզուիցան։
Օրենբուրգի մարզի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ գրեթե 200 հազար բնակչությամբ Օրսկը, շարունակում է հեղեղվել Ուրալ գետով, որի մակարդակը հասել է ռեկորդային բարձրության:
Ամբարտակները չեն կարողացել դիմանալ ջրի ճնշմանը։ Հեղեղված քաղաքում զանգվածային տարհանումը շարունակվում է։
Հեղեղված տարածքներից տարհանվել է ավելի քան 4 հազար մարդ, այդ թվում՝ 885 երեխա։
«Օրենբուրգի հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 7-ի երեկոյան Ուրալ գետում ջրի մակարդակը հասել է 864 սմ-ի, վտանգավոր մակարդակը 930 սմ է»,- հայտել են իշխանությունները: