Վարչախումբը միտումնավոր հարվածում է զբոսաշրջային ոլորտին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը, մասնավորապես` հայաստանյան բանկերով «Միր քարտերի սպասարկման դադարեցման որոշումը, արդեն իսկ ազդում է Հայաստանի զբոսաշրջային ոլորտի վրա։
Զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է այս տարվա մարտին` դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2024 թվականի մարտին Հայաստան է այցելել 154 215 զբոսաշրջիկ։
Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը եղել է գրեթե 5700-ով ավելի՝ 159918, ընդ որում` մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելուներ գրանցվել են հենց Ռուսաստանից՝ 42%, Վրաստանից՝ 14% և Իրանից՝ 8%։
Նախորդ տարվա մարտի համեմատ նվազումը բացառապես Ռուսաստանից ժամանածների հաշվին է։ Հայաստանում «Միր» քարտեր սպասարկում են միայն ՎՏԲ Արմենիա բանկում, որը մտավախություններ չունի արևմտյան պատժամիջոցների վերաբերյալ, քանի որ ՎՏԲ բանկի գլխամասն արդեն իսկ արևմտյան պատժամիջոցների տակ է։
Հայաստանյան մյուս բանկերը նախընտրում են կատարել Արևմուտքի պահանջները, և արդյունքում` մեծ մասնաճյուղային և բանկոմատային ցանց չունեցող ՎՏԲ-ն չի կարողանալու սպասարկել բոլոր «Միր» քարտերը, կամ էլ լուրջ խնդիրների է բախվելու։
Ստացվում է, որ շատ ռուսներ, որոնք Հայաստան են ժամանում հենց «Միր» քարտերով, խնդիրներ են ունենալու Հայաստանում շրջագայելու և գումար ծախսելու առումով, ուստի և զբոսաշրջային հոսքը նվազում է։ Առաջիկայում այդ միտումներն ավելի ակնառու են դառնալու։
Նարինե Ղարսյան