Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
ՄՇԱԿՈՒՅԹԿառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 23 մլն 759 հազար դրամ հատկացնել թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Իրականում պահանջվում է 29,6 մլն դրամ, սակայն 5 մլն 875 հազարն առկա է:
ԿԳՄՍՆ-ն այդ նպատակով հայտարարել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Վեբէքս Թեքնոլոջիս» ՍՊԸ-ն: Նրա հետ կնքվել է պայմանագիր:
Նախատեսվում է երկրորդ փուլով ներդնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ: Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից.
- Տոմսերի վաճառքի համակարգ.Համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք: Համակագի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, կապահովվի կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն:
- Մուտքի հասանեիության վերահսկման և կառավարման համակարգ.Այս համակարգը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման և կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման համար, ինչպես նաև առցանց հերթագրման համար և այլն: Համակարգն իրենից ենթադրում է հայալեզու կայք: