ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը դաշնային որոնման տվյալների բազայում ավելացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Աավկովի մասին տեղեկությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, գրում է kommersant.ru-ն:
Բացի այդ, հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Շտեցի նկատմամբ։
Քրեական օրենսգրքի կոնկրետ որ հոդվածի հիման վրա է հետախուզում հայտարարվել Ուկրաինայի նախկին նախարարների նկատմամբ, հայտնի չէ:
2018 թվականին Ավակովին Ռուսաստանի Դաշնությունում մեղադրել էին ՌԴ քաղաքացիների կողմից նախագահական ընտրություններում իրենց ձայնի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։ 2022 թվականին հաղորդվել էր նաև, որ նա հետաքննվում է Դոնբասում հանցագործությունների համար։
Արսեն Ավակովը ղեկավարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը 2014–2021 թվականներին։ Մինչ այդ նա եղել է Գերագույն Ռադայի պատգամավոր, Խարկովի մարզային վարչության նախագահ։
Ավելի վաղ՝ մայիսին, Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկի նկատմամբ: