Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապ նախագահական նստավայր է կանչել Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին:
Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրատապ հանդիպումը կապված է եղել վերջին օրերին թուրքական ոստիկանական համակարգի վերին օղակներում ձևավորվող հեղափոխական միտումների հետ: Ավելին, պնդումների համաձայն, հանդիպումը հրավիրվել է այն բանից հետո, երբ Էրդողանին հայտնել են, որ հնարավոր է ռազմական հեղաշրջման փորձ իրականացվի Թուրքիայում:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր: Տեղեկություններ կան, որ Էրդողանը թեմայի վերաբերյալ պատրաստվում է ավելի ընդլայնված կազմով քննարկումներ ունենալ մայիսի 15-ին:
Թուրք լրագրող Զիյա Օսման Աչըքելը X-ում կատարած գրառմամբ ևս անդրադարձել է թեմային և պնդել, որ Էրդողանը հրատապ հանդիպում է իրականացրել նախագահականում: «Անկարայում ինչ-որ բաներ են տեղի ունենում»,-հավելել է նա:
Նշենք, որ վերջերս թուրքական կառավարության համար անհանգստացնող խմորումների մասին խոսել էր նաև իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության նախագահ Դեվլևթ Բահչելին:
«Եթե մենք ենթարկվենք նրանց, ովքեր ծրագրում են կրկնել հեղաշրջման փորձը ոստիկանական և դատական համակարգում ունեցած իրենց 17-ից 25 հոգու հասնող համախոհների հետ, ապա ամո՛թ մեզ»,-ասել էր նա:
Հայտարարությունը հաջորդել էր մի շարք բարձրաստիճան ոստիկանների տներում խուզարություններ անելու և աշխատանքից ազատելու դեպքերին: Նրանք մեղադրվել են Թուրքիայի կողմից հանցագործ կազմակերպություն ճանաչված «Ayhan Bora Kaplan»-ի հետ համագործակցելու մեջ: