Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատմությունը «մութ կողմեր» ունի. ԶԼՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառ դարձած ավիավթարը ձեռնտու է Իսրայելին, սակայն այս միջադեպն ունի «մութ կողմեր», որոնք պետք է հստակեցնել։ Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանին և այլ պաշտոնատար անձանց տեղափոխող ուղղաթիռը մայիսի 19-ին կործանվել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը: Պատվիրակությունը ուղղաթիռներով վերադառնում էր Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ Ռաիսին և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը մասնակցում էին սահմանային Արաքս գետի վրա «Գըզ Գալասի» հիդրոհանգույցի բացման և «Խուդաֆերին» հիդրոհանգույցի շահագործման հանձնման արարողությանը:
«Ինչ վերաբերում է նախագահ Ռաիսիի սպանությանը, արդյո՞ք դա ձեռնտու է Իսրայելին։ Ձեռնտու է։ Յուրաքանչյուր միջադեպ, որը հուզում է Իրանին, ձեռնտու է Իսրայելին։ Հնարավո՞ր է, որ Իսրայելն է կանգնած դրա հետևում: Հնարավոր է։ Բայց ես չեմ կարծում, որ պետք է մեղադրել միայն Իսրայելին։ Ուղղաթիռի կործանման մեջ մութ կողմեր կան։ Դրանք պետք է պարզաբանվեն», — գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Բացի այդ, նա հարց է տալիս, թե արդյոք Իրանը չի կարող ELT սարքը տեղադրել այն ուղղաթիռի վրա, որով թռչում է նախագահը:
«Եթե երկրում կա միայն մեկ ELT սարք, ապա այն չպե՞տք է լինի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վրա»,- գրում է հրապարակման հեղինակը և հավելում․ «Երեք ուղղաթիռ է թռչում: Նրանցից երկուսին հաջողվում է վայրէջք կատարել։ Ինչո՞ւ է կործանվել նախագահին տեղափոխող ուղղաթիռը։ Նշվում է, որ երկու այլ ուղղաթիռներ փոխել են թռիչքի երթուղին, երբ հասել են մի տարածք, որտեղ խիտ մառախուղ է եղել: Ինչո՞ւ նախագահին տեղափոխող ուղղաթիռի օդաչուն չփոխեց երթուղին։ Արդյոք խոսակցություն եղել է մյուս երկու ուղղաթիռների օդաչուների միջև՝ թռիչքի երթուղու փոփոխության վերաբերյալ»։
Հեղինակի խոսքով ՝ ուշագրավ է, որ Ռաիսին թռչում էր ոչ թե նախագահական ուղղաթիռով, այլ իրանական Կարմիր մահիկին պատկանող ուղղաթիռով:
«Եթե Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը հագեցած լիներ ELT սարքով, այն ազդանշան կտար վթարի պահից 30 օրվա ընթացքում։ Այսպիսով, Ռաիսին ավելի հեշտ կլիներ գտնել: Հետաքրքիր է, արդյոք Ռաիսիին չէին ցանկանում գտնել նախքան նրա մահը վերջնականապես հաստատվելը»,- ընդգծում է պարբերականը։
«Պարզվել է, որ խցիկը, որում եղել են խոցված ուղղաթիռի օդաչուները, հրդեհվել է։ Պարզվել է, որ օդաչուն և երկու սպա ողջ-ողջ այրվել են: Պարզվել է, որ նախագահի հետ ֆյուզելյաժի հիմնական մասն առանձնացվել է խցիկից։ Օդաչուների խցիկում բռնկված հրդեհը կարո՞ղ է սպանության նշան լինել: Կարո՞ղ էր պայթուցիկ կամ դյուրավառ նյութ դրվել խցիկում»,- հարց է բարձրացնում նյութի հեղինակը։