ՔՊ-ական պատգամավորի հայտարարագրում իշխանության «սրտի» ԿԿՀ-ն անարժանահավատություն չի նկատել․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբեր ամսին հոդված էր հրապարակել՝ «Անահատական բնակելի տուն, հողամաս, 2 բնակարան և այլն. ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը» վերտառությամբ։
Գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը Կապանում ՔՊ-ական իշխանությունների թեկնածուն էր եւ խայտառակ պարտություն կրեց, հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել:
Դավիթ Դանիելյանը հեղափոխությունից հետո ձեռք է բերել 2 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մեկ անհատական բնակելի տուն եւ հողամաս Դանիելյանը հայտարարագրել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում 2015 եւ 2021 թվականներին։ Դանիելյանը 2021 թվականին ձեռք է բերել Kia մակնիշի մեքենա՝ 2012 թվականի արտադրության։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 15 մլն 197 հազար դրամ։
Դանիելյանի եկամուտներից 7 մլն 766 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Դանիելյանը 18 հազար եվրո եկամուտ է ստացել ոմն Արտակ Խաչատրյանից․ ինչի դիմաց՝ պարզ չէ. թերեւս իրավապահների պարզելիքն է:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության հիման վրա իրականացված տվյալների ստուգման շրջանակում՝ 2024 թվականին Դավիթ Դանիելյանից պահանջել է ներկայացնել պարզաբանում՝ արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ։
Ստացված պարզաբանումների և դրանց կից ներկայացված նյութերի համադրման արդյունքում պարզ է դարձել, որ 31/12/2022 թվականի դրությամբ Դավիթ Դանիելյանին են պատկանել 3 անշարժ գույք, իսկ մեկ անշարժ գույքի մասով առկա է եղել կառուցվող շենքից գույք գնելու իրավունք։
ԿԿՀ-ի կողմից անդրադարձ է կատարվել նաև Արտակ Խաչատրյանից ստացված եկամուտին, որը ձևավորվել է Դավիթ Դանիելյանի նկարած նկարների վաճառքից։
Պարզաբանման վերջնական գնահատման արդյունքում՝ Հանձնաժողովը որոշել է ավարտել ստուգումը, քանի որ գույքային դրության
վերաբերյալ ներկայացված տվյալների արժանահավատության և օրինականության վերաբերյալ կասկածներ չեն եղել, իսկ ենթադրյալ իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետներն անցել են։
Այս անգամ էլ իշխանության «սրտի» ԿԿ հանձնաժողովը ստեղծագործ պատգամավորի նկարների վաճառքը համարեց օրինաչափ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: