Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստելլա արտուա գարեջուր
ՖՈՏՈԲելգիան վաղուց է հայտնի գարեջրագործության իր ավանդույթներով։ Այդ երկրում կան բավականին այնպիսի գարեջրի գործարաններ, որոնք ավելի քան 200 տարեկան են: Այնուամենայնիվ, համեմատած Stella Artois-ի հետ, դրանք բոլորը պատկանում են երիտասարդների կատեգորիային: 1366՝ դա նշված է Stella Artois-ի յուրաքանչյուր շշի պիտակի վրա և դա այդ ըմպելիքի առաջին արտադրության տարին է: Հենց այդ տարում է, ըստ Լևեն քաղաքի տարեգրության, քաղաքում հիմնադրվել Den Hoorn անունով գարեջրի գործարանը, որը թարգմանաբար նշանակում է «եղջյուր»:
Ժամանակի ընթացքում գարեջրի գործարանի անվանումը փոխվել է, բայց հենց այդ եղջյուրն է մնացել որպես ընկերության խորհրդանիշ, և այն առկա է նաև ժամանակակից տարբերանշանում։ Այն փաստը, որ գարեջրի գործարանը գոյատևել է մինչ օրս (թեև ձևափոխված), հետևանք է այն բանի, որ միջնադարում Լևեն քաղաքը եղել է խոշոր առևտրային կենտրոն։ Եվ այնտեղ գարեջրագործությունը ծաղկել է:
Բելգիական այդ հնագույն գարեջրի գործարանի պատմության մեջ նշանակալի տարեթիվ է եղել 1708 թվականը, երբ Սեբաստիան Արտուան է դարձել գարեջրի գործարանի սեփականատերը, որն այն ժամանակ արդեն իսկ հնագույնն էր համարվում։ Ինը տարի անց Սեբաստիանը ձեռնարկությունը վերանվանել է «Արտուաի գարեջրատուն»։
Պետք է ասել, որ ամեն ինչ միայն անվանափոխությամբ չի ավարտվել: Սեբաստիանն, իհարկե, իրավունք ուներ գարեջրի գործարանն իր անունով կոչելու։ Փաստն այն է, որ նա և՛ տաղանդավոր գարեջրագործ էր, և՛ նախաձեռնող ղեկավար։ Հենց նա էլ փոքր տեղական գործարանը վերածել է մեծ ձեռնարկության, որի արտադրանքը սկսել է հանրաճանաչ լինել իր հայրենի Լևենի սահմաններից շատ հեռու։
Ավելին, Սեբաստիան Արտուայի հետնորդները հաջողությամբ շարունակել են ընտանեկան բիզնեսը, և 19-րդ դարի ընթացքում Artois գարեջրի գործարանը մեկ անգամ չէ, որ արժանացել է հեղինակավոր մրցանակների միջազգային ցուցահանդեսների ժամանակ: Ի դեպ, ժամանակակից պիտակների վրա կարելի է տեսնել այդ մրցանակների պատկերները։ Դրանցից մեկը 1885 թվականին Անտվերպենի ցուցահանդեսի ոսկե մեդալն է, մյուսը 1889 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի առաջին տեղը։
Այդ գարեջրի ժամանակակից անվան առաջին մասը հայտնվել է վերջերս։ Stella բառը լատիներենից թարգմանվում է որպես «աստղ»: Սկզբում ընկերությունն այդ անունով հատուկ ամանորյա գարեջուր է արտադրել, որի առաջին խմբաքանակը եղել է 1926 թվականին։ Հետագայում ընկերության արտադրած ողջ գարեջուրն է դարձել «աստղ», իսկ աստղի պատկերը հայտնվել է պիտակների և տարբերանշանների վրա։
Այսօր Stella Artois-ը բելգիական ամենաճանաչված ապրանքանիշերից մեկն է: Այդ գարեջուրը կարելի է գտնել աշխարհի գրեթե 100 երկրներում։ Արտուայի աստղը ներկայումս էլ շարունակում է փայլել:
Կ. Խաչիկյան