Փաշինյանը սեփական խաղն է սկսել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից պահանջելով իր ղեկավարած երկրում նշանակել «պատասխանատվության տարածքները»՝ սպառնացել էր դե յուրե դուրս գալ կազմակերպությունից։ Հայաստանի վարչապետը խոստացել է նաև հայտարարություն անել երկրի քաղաքականության որոշակի նոր «երկարաժամկետ տեսլականի» մասին, գրում է Dzen.ru-ն։
Քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը բացատրել է, թե ինչ կարող է նշանակել Հայաստանի համար ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելը։ «Ոչ մի առանձնահատուկ բան, կարծում եմ: Բայց ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի կուրսը վաղուց ակնհայտ է, առնվազն վերջին վեց ամիսների ընթացքում, գուցե նույնիսկ ավելի։ Բավականին տարօրինակ է երկիրը ռազմական դաշինքում ուժով պահելը, եթե նա չի ցանկանում այնտեղ լինել։ Դաշինքն ինքնին ենթադրում է դաշինք և շահերի համընկնում: Այստեղ հարցը այլի մեջ է: ՀԱՊԿ-ը Հայաստանի համար նախկին իրավիճակում սկզբունքորեն կարևոր է եղել Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսակետից, ինչի պատճառով էլ Գյումրիում կա ռուսական ռազմաբազա: Կպահպանվի՞ դա։ Այստեղ, ամենայն հավանականությամբ, Պուտինի և Փաշինյանի միջև դեմ առ դեմ կարևոր խոսակցություն տեղի կունենա»,- կարծիք է հայտնել փորձագետը։
Քաղաքագետը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը ֆինանսավորելուց հրաժարվելու պատճառով Հայաստանը չի կարողանա հույս դնել միության անդամ երկրների աջակցության վրա։ «Եթե հայաստանը իրականում քայլեր է ձեռնարկում դուրս գալու համար, բնականաբար չի պատրաստվում հույսը դնել ՀԱՊԿ-ի օգնության վրա։ Արդի հայկական հռետորաբանության նարատիվի օժանդակ տարրերից մեկն այն է, որ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի կերպ չի օգնել Ադրբեջանի հետ մեր խնդիրներում, և հետևաբար ՀԱՊԿ-ն իմաստ չունի։ Ըստ այդմ եզրակացություններ են անում այն ամենից, ինչ իրենց համար ակնհայտ են համարում»,-վստահ է քաղաքագետը։
Քաղաքական դիտորդ Անդրեյ Պերլան էլ կարծում է, որ Հայաստանի ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա համար պարզապես գումար չունի։ Նաև, ըստ փորձագետի, Հայաստանի վարչապետը շատ է վախենում, որ Ֆրանսիայում իրեն կկոչեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական դաշնակիցը։ «Մենք ոչ թե պետք է հետաքրքրվենք Փաշինյանով, այլ փնտրենք և, որ ամենակարևորն է, գտնենք նրան, ով կփոխարինի նրան։ Ուղղակի ամոթ է, բայց Հայաստանում պրոռուսական կուսակցություն չկա, չնայած այն բանին, որ քաղաքացիների գրեթե կեսն ունի ռուսական անձնագիր»,- ասել է Պերլան նկարագրելով ստեղծված իրավիճակը։ Իսկ եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ Հայաստանում չկան նրանք, ովքեր կպաշտպանեն Ռուսաստանի շահերը, ամփոփել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը