Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գալուզին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը դրական է գնահատում խաղաղության պայմանագրի մշակման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումները, որոնք տեղի են ունեցել մայիսի 10-ին և 11-ին Ղազախստանում։ Ինչպես շեշտել է Գալուզինը, սա ևս մի կարևոր քայլ էր Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ճանապարհին։
«Մոսկվան արդեն երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին, ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների փուլերը։ Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստելու փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության ու բարգավաճման», - նշել է դիվանագետը։
Գալուզինը նաև բարձր է գնահատել նաև Աստանայի դերը հայ-ադրբեջանական շփումների համար հարթակ տրամադրելու հարցում։
«Կարևոր է, որ նման հանդիպումները համահունչ են 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, համատեղ սահմանի սահմանազատում, քաղաքացիական միությունների գծով շփումների զարգացում», - հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը: