Ռուսաստանն ու Իրանը կարող են միջամտել Հայաստանում Անկարայի և Բաքվի ծրագրերին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի իրականացման ծրագիրը կարող է կանխվել Իրանի և Ռուսաստանի իշխանությունների համատեղ ջանքերով, հայտարարել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը «Իրանը սգից հետո. արտաքին քաղաքականություն, տարածաշրջանային անվտանգության հարցեր» կլոր սեղանի ժամանակ, գրում է rossaprimavera.ru-ն։
Եվսեևը նշել է, որ տարածաշրջանում ռուսական ազդեցության գործիքը Գյումրիի 102-րդ ռազմաբազան է, որը ներառում է ոչ միայն անձնակազմ ու տեխնիկա, այլ նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Ըստ փորձագետի անհրաժեշտության դեպքում Մոսկվան կարող է միջամտել Բաքվի, Անկարայի կամ արևմտյան երկրների ծրագրերին։ «Նույնիսկ, եթե հիպոթետիկորեն ենթադրենք, որ Վրաստանը փակում է իր օդային տարածքը, Ռուսաստանը կարող է իր հայաստանյան բազան մատակարարել Իրանի տարածքով։ Եվ նման նախադեպ արդեն եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ»,- իր դիրքորոշումն է փաստարկել փորձագետը։
Իրանում Ռուսաստանի նախկին դեսպան Ալեքսանդր Մարյասովն էլ նշել է, որ Թեհրանը չափազանց անհանգստացած է Բաքվի և Թել Ավիվի սերտ կապերով։ Դիվանագետի խոսքով Իրանը կփորձի թուլացնել Ադրբեջանի և Իսրայելի մերձեցման գործընթացը հուսալով, որ Ադրբեջանը կհասկանա նման փոխգործակցության ռիսկերը և զգույշ կգործի։ Նախկին դեսպանը նաև նշել է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում թուրքական ազդեցության ընդլայնմամբ, և ներկայումս Թուրքիայի ու Իրանի միջև դեռևս պահպանվում են լուրջ գաղափարական տարաձայնությունները։
Քաղաքագետ Անդրեյ Արեշևն էլ նշել է, որ չնայած Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի գաղափարի նկատմամբ Իրանի բացասական վերաբերմունքին, նա չի դիմի զինված միջամտության, եթե Ադրբեջանը ցանկանա ուժով «կտրել» այն։ Արեշևի խոսքով միջամտությունը հնարավոր է միայն իրադարձությունների որոշ արտառոց զարգացման դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը