Ի՞նչ է լինելու 96 ժամ հետո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍպասելի էր, որ երեկվա հանրահավաքը շրջադարձային է լինելու:
Բագրատ Սրբազանը դիմեց Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին ժամը 16:30 նախաձեռնեն նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:
«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասել է Բագրատ արքեպիսկոպոսը:
Պատվելի Բագրատ Սրբազանը փորձառու գործիչ է և առնվազն գիտակցում է, որ 96 ժամվա ընթացքում Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, կամ ԱԺ-ն իմպիչմենթ չի իրականացնելու:
Երեկ ուշ գիշերին ոստիկանությունը շրջափակել էր ԱԺ-ի երկու մուտքերը տանող ճանապարհները և թույլ չէր տալիս ցուցարարներին մոտենալ խորհրդարանի մուտքին: Մի խոսքով, իշխանությունն անզիջում է և ուժի գռեհիկ ցուցադրությամբ պաշտպանում է իրեն:
Այնուամենայնիվ, Սրբազանը քաղաքական լուծում առաջարկեց, ինչի հետևանքով ընդդիմությունն անելիք չի ունենալու խորհրդարանում: Իմպիչմենթի գործընթացի առնվազն տեսանելի ձախողումից հետո առաջանալու է ընդդիմադիր մանդատները վայր դնելու պահանջ:
Հենց այդ ժամանակ սկսվելու է իրական քաղաքականությունը, որի իրացման դեպքում ճանապարհ է բացվելու արտահերթ ընտրությունների համար: Ցանկացած պարագայում, գնդակն այլևս խորհրդարանական ընդդիմության դաշտում է:
Վահրամ Բագրատյան