ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատ ենք խոսել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ, հաճախ զարմանք առաջացնող գործելաոճով հայկական ֆուտբոլը գլորվում է անդունդը: Պետությունից ստանալով հսկայական գումարներ՝ ՀՖՖ-ն սկսել է սպորտային միջոցառումներ հյուրընկալել ու դրանց անցկացման համար պետբյուջեից՝ հարկատուների հաշվին հարյուր միլիոնների գումարներ ստանալ, իսկ այդ միջոցառումներն ուղղակի կապ չունեն ֆուտբոլի զարգացման հետ: Օրինակ՝ ՀՀ կառավարությունը, մարտի 7-ի որոշմամբ, ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով ԿԳՄՍՆ-ին փոխանցեց 279 մլն 954 հազար դրամ: Մրցաշարը կայացավ, եզրափակիչ հանդիպումը մարդաշատ էր, սակայն կիսաեզրափակիչները՝ ոչ այնքան: Հասկանալի չէ, թե ինչու այդքան մեծ գումարներ տրվեց պետության կողմից մի միջոցառման, որը, մեծ հաշվով, ոչինչ չէր տալու: Իհարկե, միջոցառման կազմակերպիչնեը պատկառելի գումարներ աշխատեցին, բայց ֆուտբոլը չզարգացավ ու Հայաստանի ֆուտբոլային հեղինակությունը չաճեց:
Հարց է օրինակ՝ եթե այդքան գումար տրամադրվեր սպորտային այլ ֆեդերացիայի, ապա ինչքան դրական արդյունքներ կունենային. բայց ոչ՝ պետությունը միշտ պատրաստ է «անհասկանալի» գումարներ շաղ տալ որեւէ արդյունք չտվող ֆուտբոլի ֆեդերացիային, որտեղ որոշիչ պաշտոններում են ՀԺ-ի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը ու այժմ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնող, նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Վերջինս, ի դեպ, ջերմ անձնական հարաբերություններ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որը կառավարությունից խնդրեց այդքան մեծ գումար: Հիմա էլ ՀՖՖ-ն Production-ի վերածած Արմեններն իրենց հիմնական գործը ու հավաքականների խայտառակ ելույթները թողած՝ նոր զբաղմունք են գտել, այն է՝ Վրաստանի հետ համատեղ 2029 թվականին անցկացնել աշխարհի երիտասարդական առաջնությունը: Իհարկե, հաճելի է խոշոր միջոցառում հյուրընկալելը, սակայն պետությունը պետք է պարզաբանի, թե ինչու հարկատուների հաշվին խոշոր գումարներ է տալիս հատկապես ՀՖֆ-ին, ու որտեղ է հաշվարկը, ուսումնասիրությունը, որով պարզ կդառնա այդ գումարների արդյունավետությունը, դրա նպատակահարմարությունը եւ արդոք ինչ ընկերություններ են մասնակցելու միջոցառումների կազմակերպմանը, շինարարական աշխատանքներին եւ այլն:
Հ.Գ. Վրաստանի հարկատուները թերեւս հարցեր չունենան իրենց կառավարությանը, քանզի այնտեղ ֆուտբոլն իսկապես զարգանում է, ու ոլորտը գտնվում է պրոֆեսիոնալների ձեռքում: Մեր հարեւաններն այս տարի պատմության մեջ առաջին անգամ մասնակցում են Եվրոպայի առաջնությանը, նրանց տարբեր տարիքային հավաքականները հիանալի արդյունքներ են գրանցում, ու Վրաստանի ֆուտբոլը փայլուն ապագա ունի: Ինչ վերաբերում է մեզ, ապա, մեղմ ասած, ոչ փայլուն հանդիպումներ են անցկացնում թե՛ Հայաստանի մեծահասակների հավաքականը, թե՛ տարբեր տարիքայինների ու կանանց հավաքականները: Գրանցված արդյունքների մասին եւս մեկ անգամ անդրադառնալու կարիք, թերեւս, չկա. որոշ դեպքերում գործ ունենք խայտառակ հաշիվների ու արդյունքների հետ: Սրան զուգահեռ՝ Արմենների ղեկավարած ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է ակումբների հետ, մասնավորապես՝ նույնիսկ մարզադաշտ տրամադրելու խնդիր են ստեղծել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի»-ի համար. վերջինիս գլխավոր մարզիչը հայտարարեց, որ դիմել են ՈՒԵՖԱ-ին, որպեսզի ՉԼ խաղերը խաղան Թբիլիսիում:
Ըստ լուրերի՝ խնդիրներ ունի նաեւ «Արարատ Արմենիա» ՖԱ-ն՝ կապված գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ. այս մարդկանց կառավարման տարիներին մամուլը բացմիցս խոսել է պայմանավորված խաղերի, բուքմեյքերների հետ փոխկապակցված թիմերի, խաղադրույքներում ներգրավված անձանց ու բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներում գտնվելու մասին, սրանից զատ՝ փակվել են «Լոռի», «Նորավանք», «Սեւան» եւ այլ ակումբներ, ավելին՝ կան հայ ներդրողներ, որոնք գնացել ու թիմ են պահում հարեւան Վրաստանում: Թե որքան է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պահելու արդյունք չտվող այս մարդկանց իր հովանու ներքո, դժվար է ասել, սակայն ֆուտբոլային երկրպագուների ու այս սպորտի սիրահարների շրջանում վաղուց արդեն հասունացել է բունտ, որը սպասում է փոքրիկ խայծի: Իսկ, մինչ այդ, ֆեդերացիան պահում է ջերմ հարաբերություններ իշանական տարբեր աթոռների «հայտնվածների» հետ՝ նրանց հավաքականի ինքնաթիռով արտասահման տանելով կամ խաղերի ժամանակ կառավարական օթյակում նստատեղ հատկացնելով:
Իհարկե, մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՖՖ-ից՝ վերը նկարագրվածի մասին. սակայն անպատասխան մնացին մեր զանգերը եւ երկար ժամանակ է, ինչ ՀՖՖ-ն անպատասխան է թողնում մեր հարցերը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: