«ԱՄՆ-ը փորձում է ստեղծել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա դաշինք ընդդեմ Ռուսաստանի»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը Երևանում ամփոփել է իր երկօրյա այցի արդյունքները: Նրա մի հայտարարություն գրավել է ուշադրություն, քանի որ բացահայտորեն ուրվագծել է ԱՄՆ քաղաքականության հիմնական ուղղությունները ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների, այլ նաև ամբողջ Անդրկովկասի վերաբերյալ, գրում է iarex.ru-ն։
Բայց նախ առաջին դիրքորոշման մասին։
«Միացյալ Նահանգները խրախուսում է Ադրբեջանին և Հայաստանին ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրն առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Մենք իսկապես տեսնում ենք դժվար սակարկություններ երկու կողմերից, ինչպես նաև որոշ հետաքրքիր մարտավարական մանևրներ համաձայնության հասնելու համար: Կարծում եմ, որ ինչ-որ պահի պետք է դադարեցվեն նոր պահանջներ ներկայացնելու և դրան հետևող նոր բանակցություններ վարելու ոճերը։ Կարծում եմ մենք արդեն գիտենք հաջողված համաձայնագրի մոտավոր ուրվագիծը»,- հայտարարել է Օ'Բրայենը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «Բաքուն և Երևանը պետք է որոշեն, թե ինչ դեր կարող է խաղալ Միացյալ Նահանգները», քանի որ «մենք չենք հավակնում գերտերություն լինել տարածաշրջանում և այստեղ ենք աջակցելու երկրների ժողովուրդների տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր կնքելու օրինական ցանկությանը»։Հիմա երկրորդ դիրքորոշման մասին, այսինքն տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման մասին։
«Կա հնարավորություն, որը լինում է ամեն սերնդի համար մեկ անգամ, որպեսզի ստեղծվի Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային ճանապարհ,- ասել է Օ'Բրայենը,- դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ դա ճանապարհ կբացի ոչ միայն հիմնական առևտրի, այլ նաև նոր արտադրությունների համար։
Դա կարող է տեղի ունենալ հիմա: Թերևս մի քանի տարի հետո դա այլևս այդքան կարևոր չի լինի։ Բայց հիմա հիանալի ժամանակ է դրա համար, քանի որ այդ ճանապարհին գտնվող երկրները ցանկանում են նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը»:
Սրանից բխում են հետևյալ եզրակացությունները: Այն բանից հետո, երբ Հայաստանի ջանքերով Ռուսաստանը զրկվեց Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում մոդերատորի դերից, իսկ դրա փոխարեն հայտնված եվրոպական բանակցային հարթակը բացահայտեց իր անարդյունավետությունը, ԱՄՆ-ն իրեն է առաջարկում որպես միջնորդ։ Սակայն նման սխեման ենթադրում է փոխադարձ համաձայնություն հակամարտող կողմերի կողմից և միջնորդի հստակ արտահայտված չեզոք դիրքորոշում։
Բայց փաստն այն է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ ակնհայտորեն տեսանելի է հայանպաստ կողմնակալությունը։ Օ'Բրայենի երևանյան այցի ժամանակ հայտարարվել է, որ «Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական գործընկերության մակարդակի», ինչն ԱՄՆ-ը չունի Ադրբեջանի հետ։ Երկրորդ եզրակացությունը վերաբերվում է այսպես կոչված Միջին միջանցքին: Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով Ադրբեջանով և Հայաստանով մինչև Նախիջևան և Թուրքիա ձգվող այդ միջանցքն ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման համատեքստում:
Ի դեպ, Օ’Բրայենը նախկինում կոչ էր արել Բաքվին հրաժարվել Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև իրանական տրանսպորտային երթուղուց։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Օ’Բրայենը հակառուսական հարթակի վրա առաջարկում է Անդրկովկասում ստեղծել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա դաշինք, ինչը ենթադրում է տարածաշրջանում պոտենցիալ աշխարհաքաղաքական պայքար արտաքին ուժային տարբեր կենտրոնների միջև։
Եվ ևս մեկ կարևոր նրբերանգ: Նախկինում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հավասարակշռություն էր պահպանում, երբ այցելում էր տարածաշրջան, այսինքն այցելում էր և՛ Երևան, և՛ Բաքու, որպեսզի համապատասխանեցնի դիրքորոշումները։ Բայց այս անգամ «խաղը» խաղացվել է միայն հայկական դաշտում։ Այսպես, Փաշինյանն ասել է, որ պատրաստ է մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և որ «մնում է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա վերջնական շտկումները ճշտել, և համաձայնագրին տալ վերջնական տեսք»։ Բայց արդյո՞ք դրան պատրաստ է Բաքուն, որը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառում։
Այս առումով, կարելի է ենթադրել Վաշինգտոնի որոշակի շրջադարձ դեպի Բաքու ոչ միայն Երևանի հետ հարաբերությունների, այլ նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտում, կամ անդրկասպյան տրանսպորտային երթուղու հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը նպատակ ունի փոխել աշխարհաքաղաքական կարգը տարածաշրջանում արևմտյան ձևաչափով։ Հնարավոր է, որ շուտով վերսկսվեն ադրբեջանցի պաշտոնյաների այցերը ԱՄՆ և հակառակը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրին, ապա կողմերը փոխանակել են փաստաթղթի տեքստի վերաբերյալ փոխադարձ դիտողությունների և առաջարկությունների նոր փաթեթները։ Սակայն մինչ այժմ այդ գործընթացի մեկնաբանությունները տրամագծորեն հակառակ են միմյանց։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը