«Փորձագետը հնարավոր է համարել Հայաստանին ՀԱՊԿ-ից հանելը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ, ազգամիջյան հակամարտությունների մասնագետ Եվգենի Միխայլովը Rambler.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀԱՊԿ բյուջեում մուծում կատարելուց Հայաստանի հրաժարումը ենթադրելով, որ տեսանելի ապագայում այդ երկիրը կհեռացվի ՀԱՊԿ-ից:
Հիշեցնենք, որ մայիսին Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ հանրապետությունը չի ֆինանսավորի ՀԱՊԿ-ը։ Մեկնաբանելով այս որոշումը ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ Մոսկվան, ամեն դեպքում, ելնում է նրանից, որ «Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»:
«Հայաստանը վաղուց հստակ գիծ է բռնել ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն վարկաբեկելու և նրանից դուրս գալու ուղղությամբ։ Միաժամանակ Հայաստանում ՀԱՊԿ-ին մեղադրում են, թե իբր չի փրկել իրեն, երբ զինված հակամարտություն է ունեցել Ադրբեջանի հետ։ Այնպես որ, չարժե զարմանալ, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի ոչ մի հանդիպման, տարբեր պատրվակներով արգելափակում է նրա մասնակցությունը կամ հրաժարվում է նպաստել։ Վերջին շրջանում պարբերաբար ականատես ենք լինում հայաստանյան տարբեր պաշտոնյաների մեղադրական հայտարարությունների, ովքեր Ամերիկա կամ Եվրոպա կատարած ուղևորությունների ժամանակ իրենց ելույթներում պարզապես վարկաբեկում են Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։ Ավելին, Հայաստանը վերջերս հայտարարել է, որ կազմակերպությանը երկրի մասնակցության որևէ ձևաչափ չի տեսնում։ Բայց միևնույն ժամանակ Երևանը շատ է ցանկանում լինել ԵԱՏՄ-ի մաս, քանի որ դա «համով» է»,- ասել է Միխայլովը:
Փորձագետը կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկեր երկրները, Հայաստանի գործողությունների ֆոնին, պետք է չեղյալ համարեն նրա հետ կնքված պայմանագրերը և երկիրը հեռացնեն կազմակերպությունից։ «Հավանաբար, հիմա Հայաստանը հնարավորություն ունի ընդհանուր հետախուզական տեղեկատվություն ստանալ ՀԱՊԿ-ի միջոցով և այլն։ Բայց միևնույն ժամանակ հայկական բանակը վերակառուցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներով, այն սկսել են պատրաստել ամերիկացի և ֆրանսիացի հրահանգիչները, ուստի պետք է լրջորեն մտածել ՀԱՊԿ-ին այդ երկրի մասնակցության մասին»,- նշել է փորձագետը։
ՀԱՊԿ գործունեության մեջ ամենամեծ ներդրումն ունի Ռուսաստանը, ընդգծել է մասնագետը։ «Իսկ, որքան գիտեմ, Ռուսաստանի Դաշնությունն արդեն հոգնել է հետևել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Վերջին շրջանում գնալով ավելացել է ՌԴ ԱԳՆ-ի և մի շարք ռուս քաղաքական գործիչների հռետորաբանության կոշտությունը: Այնպես որ, շատ հավանական է, որ հաջորդ գագաթնաժողովին կամ հանդիպմանը Մոսկվան կբարձրացնի ՀԱՊԿ անդամ երկրների նկատմամբ Հայաստանի վարկաբեկիչ գործողությունների պատճառով այդ երկրին կազմակերպությունից հեռացնելու հարցը»,- եզրափակել է Միխայլովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը