Ի՞նչ է սպասվում Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների պատճառով այդ պետությունը կարող է դադարել գոյություն ունենալ, կարծում է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։ News.ru-ի հետ զրույցում խորհրդարանականը ենթադրել է, որ հենց դրան է ձգտում Արևմուտքը։ Ըստ նրա միայն դրանով կարելի է բացատրել Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկությունը։
«Վստահ եմ, որ երկիրը (Հայաստանը) այդ դեպքում որոշ ժամանակ անց պարզապես կբաժանվի իր հարևանների միջև և կդադարի գոյություն ունենալ որպես առանձին ինքնիշխան պետություն։ Երևի հենց դրան են փորձում հասնել քամելեոն Փաշինյանն ու իր արևմտյան տերերը, այլապես այն ամենը, ինչ կատարվում է ՀԱՊԿ դաշինքի շուրջ, չի կարելի բացատրել»,- պարզաբանել է պատգամավորը։
Ժուրավլևի խոսքով Ռուսաստանը վստահում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ինչի մասին է վկայում նրան միջուկային զենքի փոխանցումը։ Մինչդեռ, ըստ պատգամավորի, Փաշինյանը «հոլի պես պտտվում է» Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև։
«Եվ ինչպես էլ մենք լավ վերաբերվենք երկու բարեկամ ժողովուրդներին, Բելառուսի նախագահը մեր վստահելի ընկերն է, իսկ Հայաստանում այժմ իշխանության ղեկին կա մարդ, ով գործում է իր ազգային շահերին հակասող»,- հավելել է Ժուրավլևը։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանը խորհրդակցությունների համար հետ է կանչել Բելառուսում իր դեսպանին։ Այլ մանրամասներ չեն նշվել, սակայն որոշումը կայացվել է Լուկաշենկոյի դեմ Փաշինյանի կոշտ հայտարարություններից հետո։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը