Թանկ ու վտանգավո՞ր. Ավելի քիչ մարդ է գալիս Հայաստան
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ2024 թվականին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի կրճատումը նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ փոքր է, մոտ 3 տոկոս, սակայն այդ ցուցանիշը լուրջ ուշադրության է արժանի։ Այս մասին ասել է Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, գրում է dzen.ru-ն։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2024 թվականի հինգ ամիսներին Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210-ով պակաս է 2023 թվականի հունվար-մայիսի ցուցանիշից։ Ապրեսյանը հիշեցրել է, որ զբոսաշրջության ոլորտը սկսել էր արագ վերականգնվել համաճարակից և Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո, երբ դեպի երկիր զբոսաշրջային այցելությունները կրճատվել էին 72%-ով։ Կտրուկ թռիչք է տեղի ունեցել 2023 թվականին, երբ երկիր է այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, ինչը մոտ 20 տոկոսով ավելի է 2019 թվականի համեմատ, և մոտ 39 տոկոսով ավելի, քան 2022 թվականին։
Մասնագետը նշել է, որ այցելուների թվի նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով:
Նախ, մի շարք պետություններ՝ Ճապոնիան, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, շարունակում են Հայաստանը ներառել ճանապարհորդության համար ոչ անվտանգ երկրների ցանկում։ «Դա բացասաբար է անդրադառնում այդ երկրներից քաղաքացիների հոսքի վրա: Բացի այդ, կազմակերպված զբոսաշրջությունը Հայաստանում դեռևս թերզարգացած է, և հենց դա է ամբողջ զբոսաշրջության ոլորտի հիմնաքարը»,- ասել է Ապրեսյանը:
Գների անհիմն թանկացումները ևս ազդում են զբոսաշրջության վրա: Գնաճի ազդեցությունը ծառայությունների և ապրանքների ինքնարժեքի վրա երկիրը դարձնում է անմրցունակ միջազգային շուկայում։ Հայաստանը, ըստ փորձագետի, չի կարող դառնալ էժան երկիր զանգվածային զբոսաշրջության համար, սակայն պետք է մրցունակ լինի։
Զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող մեկ այլ գործոն աշխարհաքաղաքական իրավիճակն է։
Հիշեցնենք, որ Հայաստան ժամանողների գրեթե կեսը՝ 42%-ը, այցելուներ են Ռուսաստանից։ Զբոսաշրջության աճ ապահովող երկրների թվում են նաև Վրաստանը` 14% և Իրանը` 8%: Առաջին հնգյակում ընդգրկվել է նաև Հնդկաստանը՝ 3%, և Ֆիլիպինները՝ 2%։ Միաժամանակ, մարդկանց մեծ մասը երկիր է գալիս օդային ճանապարհով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը