Լուրջ քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում ակնկալիք ունեցող մարդիկ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Սրբազան պայքար» շարժման առումով նկատելի են կազմակերպչական խնդիրներ։ Գոնե ինձ համար: Անհրաժեշտ է ավելի նրբանկատորեն մոտենալ յուրաքանչյուր հարցի, ինչպես նաև դառը փորձից ելնելով՝ յուրաքանչյուր անհատին, որը մասնակցում է փոքր ու մեծ «փակ նիստերին»։ Փակ նիստեր գումարելու պատճառներից գլխավորն այն է, որ նիստին քննարկվող հարցերը հնարավորինս գաղտնի մնան, սակայն պարզ պատճառներից ելնելով՝ դա անհնար է իրականացնել, ուստի շատ ավելի նպատակահարմար կլիներ՝ քննարկումները հեռարձակվեին նույնիսկ ուղիղ եթերներով։
Նախորդ հոդվածում արդեն խոսել եմ «Սրբազան պայքար» շարժմանը զուգահեռ նոր շարժում ստեղծելու նպատակահարմարության մասին՝ այն մտածումով, որ գործող շարժմանը չմիանալու համար տարբեր հասկանալի պատճառներ կարող են լինել, որոնցից մեկը շարժման առաջնորդի՝ ՀԱԵ հոգևորական լինելու հանգամանքն է, քանզի փաստ է, որ կան շատ մարդիկ, ովքեր ՀԱԵ անդամ չեն և դժվարանում են շարժման հետ հաղորդակցվելու հարցում։ Երկրորդ ոչ պակաս կարևոր պատճառը գործող շարժմանը չմիանալու համար, ըստ իս, կարող են լինել շարժման կողմից հնչող թեզերը, որոնցից ուզում եմ հատկապես առանձնացնել այն թեզը, թե՝ «այս շարժումը չակնկալիքների շարժում է»։ Սա նույնպես նուրբ հարց է, և շատերը ձեռնպահ կմնան այս թեզին չհամաձայնելու մասին բարձրաձայնել։
Բայց խոսել պետք է։ Միգուցե ոչ քաղաքական նպատակներ հետապնդող շերտերի համար այդ թեզը ընկալելի և ընդունելի լինի, բայց եթե «Սրբազան պայքար» շարժումը հավակնում է լինել լուրջ քաղաքական միավոր հայաստանյան ներքաղաքական կյանքում, ապա այս թեզը դժվար թե դրա համար նպաստավոր լինի։ Իհարկե, կարելի է փիլիսոփայել, ասել՝ դե, ոչինչ, ավելի լավ, ինքնամաքրման է գնում շարժումը, կմնան առավել նվիրյալները և այլն։ Չակնկալիքների պայքար քաղաքական դաշտում լինել չի կարող։ Իրականությունն այն է, որ լուրջ քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում ակնկալիք ունեցող մարդիկ, որոնք իրենց արածի դիմաց նաև որոշ արդարացված ակնկալիքներ պետք է ունենան, իսկ եթե չունեն ակնկալիքներ, ուրեմն ո՞րն է նրանց մոտիվացիան։
Ժողովուրդն էլ ակնկալիքներ ունի, երբ գալիս է հանրահավաքներին, նա ակնկալում է անվտանգ ու բարեկեցիկ կյանք, նորածին մանուկն էլ ակնկալիք ունի, երբ լացում է, նա մոր կաթն է ակնկալում, մահացողն էլ ակնկալիք ունի, երբ արտասվում է, նա Տիրոջ ողորմությունն է ակնկալում, այնպես որ, պետք է թեզերը մոտիվացնող լինեն, ինչը չի կարելի ասել «այս պայքարը չակնկալիքների պայքար է» թեզի մասին։ Ասածս բնավ չի նշանակում, որ քաղաքական գործիչները շահամոլներ են կամ պաշտոնատենչ մարդիկ, ոչ, այլ նշանակում է, որ նրանք այս կյանքի մասին ունեն հիմնականում իրատեսական հայացքներ, և որպեսզի այսպիսի գործիչները պասիվ վիճակում չհայտնվեն, նրանք կարող են համախմբվել նոր շարժման շուրջ, որը տարըմբռնումներից խուսափելու համար, կրկնեմ, ոչ մի պարագայում չի հակադրվի «Սրբազան պայքարին», այլ հակառակը՝ մեկը մյուսին թև ու թիկունք կլինեն։
ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում