Ավելի ամուր գործընկերության կառուցում՝ հանուն համաշխարհային անվտանգության. ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը X սոցկայքում հրապարակել է լուսանկար՝ անդրադառնալով հուլիսի 15-24-ը Հայաստանում կայանալիք համատեղ հայ-ամերիկյան զորավարժություններին:
«Հայաստանն ու ԱՄՆ-ն, «Արծիվ գործընկեր-2024»-ի շրջանակում, հուլիսի 15-24-ը կմիավորեն ուժերը Հայաստանում: Խաղաղապահական հմտությունների կատարելագործում` հրետանային պատրաստության, կայունության ուսուցման և զենքի ճանաչման միջոցով: Ավելի ամուր գործընկերության կառուցում՝ հանուն համաշխարհային անվտանգության», - գրված է լուսանկարին կից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում: