Պատրաստ լինել դիմադրելու ազգադավ քարոզչությանը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հուլիսի 18-ին Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը նախորդել էր հուլիսի 15-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի այն հայտարարությունը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար կողմերը պետք է «բարդ ընտրություն» կատարեն ու գնան «ծանր փոխզիջումների»։ Հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող նախորդ հանդիպումների արդյունքներից ելնելով՝ ենթադրելի է, որ խոսքը վերաբերում էր Հայաստանի կողմից միակողմանի հերթական ցավոտ զիջումներին, այսինքն՝ «փոխզիջում» բառը, հավանաբար, այստեղ ԱՄՆ ներկայացուցիչը օգտագործել է զուտ «դիվանագիտական էթիկայից» ելնելով։
Հայտնի է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի չի ունեցել, և կողմերը դրանում միմյանց են մեղադրել, սակայն հնարավոր է, որ այն տեղի չի ունեցել հենց միջնորդների «ջանքերով»։ Թերևս այս անգամ նրանց չի հաջողվել Նիկոլ Փաշինյանից հերթական «ցավոտ զիջումը» կորզել, ինչը և իմաստազրկել է հանդիպումը։ Լոնդոնյան միջնորդների կողմից Փաշինյանից «ցավոտ զիջում» փախցնելու անհաջողությունը պայմանավորված կարող է լինել ո՛չ թե նրանով, որ Բեռլինում «հեծանիվը պայքար է, հեծանիվը զգոնություն է» գոռալով՝ հեծանիվը վարելու ընթացքում թթվածնի առատ ներհոսքը ստիմուլացրել էր Փաշինյանին, որ նա համարձակություն ձեռք բերի և հակադրվի միջնորդներին, այլ, ըստ իս, ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ Փաշինյանը բանավոր համաձայնություն տալով հանդերձ՝ հրաժարված լինի ՀՀ կողմից զիջում ենթադրող որևէ փաստաթուղթ ստորագրելուց։
Հասկանալի է, որ նա պետք է բացատրեր չստորագրելու պատճառը, որը իրականում կարող էր լինել Ռուսաստանի ու Իրանի կողմից հնարավոր խիստ արձագանքները, սակայն բնական է, որ այդ պատճառաբանությունը ընդունելի չէր կարող լինել լոնդոնյան միջնորդների կողմից, ուստի, բարձրաձայնված ամենահավանական ու ճշմարտանման պատճառաբանությունը կարող էր լինել այն, որ հայ ժողովուրդը դեռևս պատրաստ չէ հերթական միակողմանի զիջումը կատարել, իսկ ինքն էլ դեռ չի հասցրել այդ ուղղությամբ ժողովրդի հետ համապատասխան հոգեբանական աշխատանքներ տանել, ինչպես, օրինակ՝ Տավուշում նախապատրաստեց՝ ժողովրդին ահաբեկելով պատերազմի վտանգով։ Միջնորդների համար նման պատճառաբանությունը, ենթադրում եմ, ընդունելի է եղել, և «ցավոտ զիջումները» ընդամենը հետաձգվել են մինչև դրանց համար իշխանությունները ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն։
Մինչ Նիկոլ Փաշինյանը ակտիվ արձակուրդն է անցկացնում, Հայաստանում արդեն իսկ որոշ կեղծ արևմտամետ քարոզիչներ սկսել են, տաղավարից տաղավար թռչկոտելով, լոնդոնյան թեմայով ժողովրդին մոլորեցնող տեսակետներ հնչեցնել՝ ցուցաբերելով նաև ընդգծված անհարգալից վերաբերմունք հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ։ Հետևաբար, սպասելի է, որ վարչախմբի ամբողջ քարոզչամեքենան լծվի ժողովրդի ուղեղների լվացման գործին՝ խռովություններից խուսափելու նպատակով նախապատրաստելու նրանց հաջորդ զավեշտալի «հպարտության» առիթներին։ Նմանաբովանդակ ազգադավ քարոզչությանը պետք է պատրաստ լինենք դիմադրելու և հուժկու հակահարված տալու։
Այդպիսի ռեսուրսներ հայաստանյան ընդդիմությունը միանշանակ ունի, սակայն նպատակահարմար չի լինի, եթե հույսներս դնենք միայն Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպվող քարոզների ու դասախոսությունների վրա, որոնք նույնպես ոմանց համար կարող են օգտակար լինել, սակայն ակնհայտ է, որ հայաստանյան վտանգված իրավիճակին համարժեք դիմադրության քաղաքական պոտենցիալ գոնե այս պահին չկա այնտեղ։
Հետևաբար, նպատակահարմար կլիներ, եթե առողջ ընդդիմադիր ուժերն այս ամենից ճիշտ հետևություններ անեին։ Իմ դիտարկմամբ, քանի որ Հայաստանը այժմ փաստացի գտնվում է պաշտոնապես չհայտարարված ռազմական դրության մեջ, նպատակահարմար կլիներ, եթե ընդդիմության ազդեցիկ ու առողջ ազգային ուժերի կոալիցիայի ստեղծումով՝ միասնական առաջնորդ ընտրվեր իրատես ռազմաքաղաքական գործիչ, որը զենքից ու զորքից բավարար չափով հասկանալով հանդերձ՝ օժտված կլինի նաև դիվանագիտական հմտություններով, իսկ նման գործիչներ ունենք և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։
ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում