«Ես իմ երեխային 900 գրամ տվել եմ բժիշկներին, հիմա ինձ մեռած հետ են տվել, ո՞նց հասկանամ դա»․ հնգյակի ծնողները վրդովված են
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸTert.am-ը գրում է․
Էրեբունի բժշկական կենտրոնում ծնված հնգյակի ծնողները վրդովված են, քանի որ, նրանց համոզմամբ, փոքրիկներին լիարժեք բուժօգնություն չի տրվում:
Tert.am-ի հետ զրույցում երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, նշեց, թե հիվանդանոցը նախապես պատրաստված չի եղել ընդունելու երեխաների ծնունդը՝ հաշվի առնելով դեպքի բացառիկությունը:
«Ցանկացած ծնողի համար մեծ հարված է երեխաների կորուստը, մենք չենք կարողանում մեր տեղը գտնել: Երեխաներին անհրաժեշտ են լուրջ մասնագետներ։ Ինչո՞ւ արտասահմանից չհրավիրեցին մասնագետների, և ծնված հենց առաջին վայրկյանից լուրջ հսկողություն չսահմանվեց. հնարավոր է, որ երեխաների կյանքը հնարավոր լիներ փրկել: Հիմա լսել ենք, որ նոր-նոր ուզում են դրսից մասնագետներ հրավիրեն. ի՞նչ է դա նշանակում, որ տեսնեն՝ երեխաների վիճակը վատանում է, նո՞ր կանչեն։ Ինչո՞ւ հենց սկզբից չեն դա արել, որ այսօրվա օրով իմ երկու երեխաները հիմա չկան»,-ասաց հայրը:
Վարդան Կարապետյանը նշեց, թե չի ասում, որ բժիշկներն անտարբեր են երեխաների նկատմամբ. «Արվում է, ես չեմ ասում՝ իրենք անտեսում են, ուղղակի մեր մասնագետները այսքանից ավելին չեն կարողանում անել, չեն հասկանում, ուզում են անել, չեն կարողանում ուղղակի: Ինչպե՞ս է, որ Գերմանիայում ծնվել է 400 գրամանոց երեխա, հիմա 18 տարեկան է, իսկ ես իմ երեխային 900 գրամ տվել եմ բժիշկներին, հիմա ինձ մեռած հետ են տվել, ո՞նց հասկանում դա: Պատճառ են բերում՝ գլխուղեղի արյան զեղում, ի՞նչ զեղում, երբ նորմալ սնվում էր, իրենց ասելով՝ դեպի լավն էր գնում, միանգամից արյան զեղում»։
Հնգյակի հայրը շարունակեց, թե իրեն չեն էլ տեղեկացնում, թե երեխաների վիճակն ինչպես է:
«Իմ երկու երեխաների մահվան լուրը ես կայքերից եմ իմացել: Խոսքը իմ բժշկի մասին չէ՝ Դավիթ Լևոնիչի՝ Դավիթ Աբովյանի, ինքը միակ մարդ-բժիշկն է։ Երբ զանգել եմ, գիշերվա որ ժամին էլ լինի, ինքը իմ կողքը կանգնած է եղել, ինքը անձամբ ձեռքի համարը տվել է: Բայց հիմա բժիշկներից որ ուզում եմ լուր իմանամ, ասում եմ՝ ձեր հեռախոսի համարը տվեք, ինձ տալիս են քաղաքային հեռախոսահամար»,–ասաց նա՝ նշելով, որ այդ հեռախոսահամարներով դժվար է լինում տեղեկատվություն ստանալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ