Արգենտինա-Մարոկկո խաղը ֆուտբոլի պատմության ամենաերկար հանդիպումն էր
ՍՊՈՐՏ2024 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրի` Արգենտինայի ազգային հավաքականի և Մարոկկոյի սկանդալային հանդիպումը (1:2) մտել է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ՝ որպես ամենաերկար խաղ։
Հանդիպման մեկնարկային սուլիչը հնչել է Երևանի ժամանակով 17։00-ին։ Հաշվի առնելով խաղի հետաձգումն ու վերսկսումը՝ հանդիպումն ավարտվել է Երևանի ժամանակով 21:07-ին։ Այսպիսով խաղը տևել է 4 ժամ 7 րոպե:
Հիշեցնենք, որ հանդիպման 90+16-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Մեդինայի գոլից հետո, որի շնորհիվ հանդիպման հաշիվը հավասարվեց, ճայթրուկներ են նետվել հարավամերիկյան թիմի խաղացողների վրա։ Բացի այդ, խաղադաշտ են վազել Մարոկկոյի հավաքականի երկրպագուները։ Խաղն ընդհատվել է անկարգությունների պատճառով։
Երկու ժամ անց հանդիպման վերսկսումից հետո արգենտինացիների երկրորդ գոլը չեղարկվել է խաղից դուրս իրավիճակի պատճառով, ինչի արդյունքում Մարոկկոն 2:1 հաշվով հաղթանակ է տարել: