Ծանոթ ու միաժամանակ անհայտ… Պենսնե
ՖՈՏՈՊենսնեն տեսողության բարելավման օպտիկական սարք է: «Պենսնե» բառը գալիս է ֆրանսերեն «pince nez» արտահայտությունից, որը նշանակում է «քիթը սեղմող»:
Այս անունը լիովին հիմնավորված է, քանի որ պենսնեն քթի վրա մնում է շնորհիվ զսպանակի, որը նստում է քթարմատին: 16-րդ դարում են առաջին անգամ սկսել պենսնեներ օգտագործվել լավ տեսնելու համար: Դրանց առաջին մոդելները բացառապես կլոր շրջանակների տեսքով էին, որոնք ամրանում էին պղնձից կամ երկաթից պատրաստված զսպանակի վրա: Սակայն նման զսպանակը վնասում էր մաշկը, ուստի ժամանակի ընթացքում սկսեցին զսպանակը հատուկ կաշվե բարձիկներով պատել:
Պենսնեն ամենամեծ տարածվածություն է ստացել սկսած 17-րդ դարից: 18-րդ դարի կեսերից հայտնվեցին ոչ թե կլոր, այլ օվալաձև պենսնեներ: Միևնույն ժամանակ նրան սկսեցին մի կողմից փոքրիկ օղակ ամրացնել, որն օգտագործվում էր որպես բռնակ: Դա թույլ տվեց պենսնեն ձեռքը վերցնել առանց ապակիներին հպվելու և այն կեղտոտելու: Որոշ ժամանակ անց օղակին սկսեցին լար կամ շղթա կպցնել, որի մյուս ծայրն ամրացվում էր հագուստին: Արդյունքում քթից ընկած պենսնեն պարզապես կախված էր մնում և չէր ընկնում գետնին: Կարծես թե պենսնեն դարձավ հագուստի աքսեսուար, իսկ նրա շղթան ձևավորում: Հատկանշական է, որ պենսնեի օգնությամբ այն կրող մարդը կարող է արտահայտել իր վերաբերմունքը տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ:
Քթից մտածված կերպով պենսնեն գցելը նշանակում էր այն կրողի ծայրահեղ դժգոհություն: Հետաքրքիր է, որ մինչև 20-րդ դարի կեսերը պենսնեն ավելի շատ էր մասսայական, քան սովորական ականջներին ամրացվող ակնոցը: Իհարկե, այն ժամանակվա պենսնեների ձևավորումը որոշակի փոփոխությունների էր ենթարկվել: Ի տարբերություն այն ժամանակվա ակնոցների, բացի քիթը սեղմող զսպանակը պենսնեներն ունեին նաև հատուկ քթային հենքեր, որոնք իրենցից ներկայացնում էին ենթազսպանակային աղեղներ: Շնորհիվ նման կառուցվածքի պենսնեն բավականին հիմնավոր էր նստում կրողի քթին և որևէ անհարմարավետություն չէր առաջացնում: Ի վերջո պենսնեի ամբողջ հարմարավետությունն ուղղակիորեն կախված է շրջանակներն իրար միացնող կենտրոնական զսպանակի էլաստիկությունից:
Ժամանակի ընթացքում անգամ, եթե պենսնեն քիչ է օգտագործվում, զսպանակը կորցնում է իր հատկությունը և պենսնեն սովորաբար անհարմարավետ է դառնում, քանի որ լավ չի նստում քթարմատին: Հաշվի առնելով դա սկսեցին պատրաստել ծալովի պենսնեներ, որոնք ֆիքսվում էին հատուկ փականով: Դա հնարավորություն տվեց բեռնաթափել զսպանակի լարվածությունը, երբ այն չի օգտագործվում և հետևաբար ավելի երկար պահպանել զսպանակի աշխատանքային վիճակը:
Այս նորարարությունը պենսնեներին երկրորդ կյանք տվեց: Այնուամենայնիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պենսնեներն աստիճանաբար կորցրին իրենց ժողովրդականությունը, իսկ տեսողության բարելավման համար մարդիկ սկսեցին ավելի ու ավելի հաճախ ակնոցներ օգտագործել:
Կ. Խաչիկյան